Քարվաճառում վթարից տուժած քաղաքացուն սանավիացիայով տեղափոխել են Երևան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ու պահանջվող միջոցառումները՝ հուլիսի 23-ի առավոտյան Արցախի Քարվաճառի շրջանում տեղի ունեցած ավտովթարից տուժած քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը, ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության մեքենան ու իրենց մոտ տեղափոխել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Կարեն Խաչատրյանին:
«Ըստ ստացված ահազանգի՝ վիրավորը իր վարած մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի արդյունքում ստացել է լուրջ վնասվածքներ: Մեր կողմից իրականացված գործողությունների արդյունքում վիրավորի մոտ ախտորոշվեց պոլիտրավմա, գանգուղեղային վնասվածք, այտոսկրի շրջանի պատռված վերք, ձախ կողմի 6-րդ կողի եւ ազդրոսկրի կոտրվածք, թոքի սալջարդ: Մենք ձեռնարկել ենք առաջին օգնության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները, կապ հաստատել մարզպետարանի եւ առողջապահության նախարարության հետ: Որոշվել է հիվանդին շտապ կարգով տեղափոխել մայրաքաղաք, ինչը կատարվել է սանավիացիայի օգնությամբ: Ուղղաթիռը հիվանդին հասցրել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հիվանդի վիճակը գնահատվել է կայուն ծանր: Բուժման հետագա միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքում»,-տեղեկացրեց Շահեն Շահինյանը:
Խոսրով Խլղաթյան