«Ծոծորակդ կտեսնես, Ստամբուլյան կոնվենցիան չես տեսնի» Գուրգեն Եղիազարյանը՝ վարչապետին
Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համար անընդունելի է գիշերով մտնել մարդկանց տները և նրանց տանել ոստիկանական բաժանմունք, ինչպես եղել է Իջևանի դեպքերի ժամանակ։
Ըստ նրա, գիշերը մարդկանց տները մտած ոստիկանները մեղք չունեն, մեղավորը հրաման տվողն է, որը չի հասկանում, թե ինչ հրամաններ է տալիս։
«Փաշինյանը Օսիպյանին ինչ ասում է, նա էլ առանց հասկանալու՝ կրկնում է, չի հասկանում, որ վաղը-մյուս օրը կանգնեցնելու են ու ասեն, թե՝ տղա ջան, այս ի՞նչ ես արել, ինչո՞ւ ես գիշերով մտել մարդկանց տները, թո՞ւրք ես»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գ. Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ Իջևանի դեպքերի ժամանակ ձերբակալված բոլոր անձանց պետք է ազատեն: «Նիկոլ, հիշիր, իջևանցին այս ամենը չի մոռանալու»,- նշեց նա։
Նա հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի սեպտեմբերին է հայտարարել, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, և նա ի՞նչ պետք է անի։
«Առաջինը՝ Արցախի հետ պետք է ոչնչացնի հարաբերությունները, պետք է ընդունի Ստամբուլյան կոնվենցիան, մարիխուանան, և ընդհանրապես հրաժարվի ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Այս ամենն աստիճանաբար կլինի։ Ստամբուլյան կոնվենցիան եվրոպական 11 երկրներ չեն ընդունել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։ Այլասերվածներին պաշտպանելու համար վարչապետը հռետորական հարց է հնչեցնում, թե՝ ժող ջան, ի՞նչ անենք, այդ մարդկանց սպանե՞նք։ Ինչո՞ւ ես սպանում, Նիկոլ ջան, այդ մարդկանց ուղարկիր, թող գնան իրենց տները և ինչով ուզում են՝ թող զբաղվեն»,- շեշտեց Գ. Եղիազարյանը։
Նա նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ասում՝ ժող ջան, քանի որ ժողովրդին հավաքելու հինգ փորձ արեց, որից որևէ արդյունք չստացավ։
«Նիկոլը ժող ջանի վարչապետը չէ, նա մի 2 հազար հոգու վարչապետ է միայն։ Մարդիկ հասկացել են, թե ինչու է Նիկոլը եկել, չի հաջողվելու գեյերի օրենքը անցկացնել, այն, ինչը խոստացել է, ինչի համար իրեն բերել են, չի լինելու։ Օդում կախված լուրերի համաձայն՝ այսօր կաշառքը քյաշ չեն վերցնում, հաշվեհամար են տալիս, գումարը փոխանցում են, գնում են Ամերիկայից ստանում են, այնպես որ՝ համակարգային կոռուպցիա չկա, կա համակարգչային կոռուպցիա, որի հեղինակը վարչապետն է։ Նա ծոծորակը կտեսնի, Ստամբուլյան կոնվենցիան չի տեսնի»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան