«Այստեղ կա ճամարտակություն՝ հեղափոխություն կոչել այն, ինչ կատարվեց՝ գործող Սահմանադրության չափորոշիչները և պահանջները պահպանելով». Պարույր Հայրիկյան

«Եթե հեղափոխություն է տեղի ունեցել, և դա ստանում է նաև տնտեսական շեշտադրում  և վերաբերում է ընդամենը 10-20 տոկոսի, դա ոչ միայն ձեռքբերում չէ, այլ կարող ենք համարել տեղապտույտ»,- վերջին մեկ տարվա փոփոխություններին անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական հնչեցրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Պիտի ուրախանանք նույնիսկ նվազագույն առաջընթացով,  բայց մենք այնպիսի վիճակում ենք, որ ոչ թե նվազագույն աշախատավարձի բարձրացման մի քանի տոկոսի  կամ սպայակազմի, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մի քանի տոկոսի մասին  պետք է խոսք գնար,  աշխատավարձերի մի քանի անգամ բարձրացնելու»,- հավելեց նա:

Պ. Հայրիկյանը  համոզված է, որ մեր պետության բոլոր խնդիրների լուծումը Սահմանադրության փոփոխություններն են, որի նախագիծը ինքը ներկայացրել է:

168.am-ի  հարցին, թե հաշվի առնելով հնչեցրած դիտարկումները՝ արդյո՞ք մեկ տարի առաջ տեղի ունեցած  քաղաքական իրադարձությունները հեղափոխություն է որակում, քաղաքական գործիչը պատասխանեց.

«Լուրջ մասնագետներն ասում են, եթե Հայաստանում Սահմանադրության առկայության պայմաններում հեղափոխություն է եղել, դա արդեն հանցագործություն է. հեղափոխություն նշանակում է՝ սահմանադրական կարգի փոփոխություն, բայց իրականում  սահմանադրական կարգի հեղափոխական փոփոխություն տեղի չի ունեցել, հետևաբար՝ նման գնահատականը տեղին չէ. այստեղ կա ճամարտակություն՝ հեղափոխություն կոչել այն, ինչ կատարվեց՝ գործող Սահմանադրության չափորոշիչները և պահանջները պահպանելով:

Իհարկե, որևէ առողջ մարդ, որևէ բանական մարդ, այն, ինչ Հայաստանում կատարվեց, դա  հեղափոխություն կոչել  չի կարող, բայց որևէ առողջ ու բանական մարդ չի կարող չտեսնել, որ Հայաստանում  տեղի ունեցան փոփոխություններ, որոնք բնականոն են իշխանափոխության համար:  Ցանկացած իշխանափոխությանը հաջորդում են որոշ գործողություններ:

Նման փոփոխություններ, օրինակ՝ զինվորականների աշխատավարձերի բարձրացում, մեկ տարում կարո՞ղ էր լինել որևէ այլ իշխանության պայմաններում, իհա՛րկե կարող էր…»:

Ըստ նրա՝ պետության ներսում բոլոր հարցերը պետք է լուծվեն բացարձակապես ժողովրդավարական համակարգը սահմանադրորեն ամրագրելու ճանապարհով, որ քաղաքացին արժեք դառնա:

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս