«Շարունակում եմ պնդել պահանջս և սպասում եմ նամակիս իրական հասցեատերերի` ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի և Ռազմական ոստիկանության պետի պատասխանին»
Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը այսօր նամակով դիմել էր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, որում ասվում էր.
«Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ,
Համացանցում առկա տեղեկատվության համաձայն ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում։
Ծառայությունից ազատման պատճառը եղել է ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը Ռ. Բադասյանի մոտ, որը համարվում է երրորդ աստիճանի սկոլիոզ
Այս հիվանդության ախտորոշումը դրվում է անհատի անմիջական զննության և ողնաշարի ռադիոլոգիական հետազոտության միջոցով։
Համաձայն մասնագիտական գրականության տվյալների, երրորդ աստիճանի սկոլիոզի պարագայում, անհատի մեկ ուսը ՄԻՇՏ բարձր է լինում մյուսից, իսկ կեցվածքը լինում է թեք:
Սակայն, ուսումնասիրելով Ռուստամ Բադասյանի համացանցում առկա նկարները, գալիս ենք այն եզրակացության, որ Ռ. Բադասյանի կեցվածքն ուղիղ է, իսկ ուսերը` նույն բարձրության վրա:
Սկոլիոզի բուժման եղանակները լինում են կոնսերվատիվ և վիրաբուժական։ Կոնսերվատիվ բուժման բաղադրիչ է կազմում մանուալ թերապիան, բուժական ֆիզկուլտուրան և ծանրոցների միջոցով բժշկական մանիպուլյացիաները։ Սակայն, Ռ. Բադասյանն ակտիվորեն զբաղվում է ոչ թե բուժական ֆիզկուլտուրայով այլ սպորտով. խաղում է թենիս, սկվոշ և այլն:
Ռուստամ Բադասյանի հայրը` Վլադիմիր Բադասյանը, այդ տարիներին հանդիսացել է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ։ Ռ. Բադասյանի կնքահայր, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը երկար տարիներ պաշտոնավարել է որպես ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։
Հաշվի առնելով վերոգրյալը, համարում եմ, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։
Հարգանքով, Բժիշկ-նեյրովիրաբույժ, CNS անդամ, WINS անդամ, WSSFN անդամ
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյան»։
Դիմում-նամակը Մ. Խաչատրյանը տեղադրել էր նաև «Ֆեյսբուքում», որը հրապարակել էին նաև լրատվամիջոցները։
Ռուստամ Բադասյանը պատրաստ է լրագրողի ներկայությամբ անցնել բժշկական հետազոտությունները
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում են կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի տակ դնելով 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը:
«Հայտարարում եմ, որ ինչպես մեկ ամիս առաջ էր պարոն Բադասյանը հայտարարել ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում բժշկական հետազոտության ենթարկվելու պատրաստակամության մասին, այնպես էլ այսօր արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան հետազոտությունները և արդյունքները ներկայացնել այս հարցով շահագրգիռ կողմերին: Միայն պետք է խնդրեմ ցանկության մասին տեղեկացնել մեկ շաբաթ առաջ: Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ Ռ. Բադասյանի կնքահայրը Վարդան Եղիազարյանը չէ»,- Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել էր Արդարադատության նախարարի խոսնակը:
«Ռուստամ Բադասյանի ենթական փորձում է հերքել մի բան, որը կարող են հերքել կամ հաստատել բացառապես բժիշկները»
Մարինա Խաչատրյանը, քիչ առաջ, ի պատասխան նախարարության վերոնշյալ պատասխանի, գրել է.
«Այսօր նամակներ եմ ուղարկել ՀՀ ՊՆ նախարարին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ՌՈ պետին ներկայացնելով բժշկական տեսանկյունից հիմնավոր կասկածներ, ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ: Հիշեցնեմ, որ այդ հիվանդության հիմքով է բանակից ազատվել Ռուստամ Բադասյանը, ում հայրը` Վլադիմիր Բադասյանը հին Հայաստանի կոռումպացված ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ, և այլն…
Իմ նամակով ես պահանջել եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Կարծում եմ, եթե Արդարադատության նախարարը թաքցնելու ոչինչ չունի և նրա բանակից ազատվելու հիմքերը իրական են, ապա ինքը առաջինը պետք է շահագրգռված լինի օգտվել իմ` մասնագետ-նեյրովիրաբույժի առաջարկից:
Ավաղ…
ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի, Ռազմական Ոստիկանության պետի, կամ իրավասու այլ մարմնի փոխարեն առաջակտուր լինելով Ռուստամ Բադասյանի ենթական փորձում է հերքել մի բան, որը կարող են հերքել կամ հաստատել բացառապես բժիշկները:
Ես շարունակում եմ պնդել իմ նամակում բարձրացված պահանջը և սպասում եմ նամակիս իրական հասցեատերերի` ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի և Ռազմական Ոստիկանության պետի պատասխանին:
Վաղը` հուլիսի 17-ին, ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբում մասնակցում եմ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ եմ պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին»: