Իսպանիայի ընտրանին ուզում է դառնալ Երևանում անցկացվող Եվրո-2019-ի չեմպիոն
Ֆուտբոլի Իսպանիայի Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան մեծ ակնկալիքներ ունի Եվրո-2019-ից:
«Մեր նպատակը Երևանում կայանալիք Եվրո-2019-ի չեմպիոն դառնալն է: Մենք պետք է հավակնոտ լինենք, բայց նաև գիտակցում ենք, որ չեմպիոնություն տանող ճանապարհը երկար է: Սակայն ջանասեր աշխատելու ենք մեր նպատակին հասնելու համար: Ժամանելուն պես մտածում ենք Հայաստանի դեմ առաջին խաղի մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Իսպանացի մասնագետ շեշտեց, որ վերլուծել է Հայաստանի ընտրանու այս տարվա բոլոր խաղերը և նկատել է` Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը մեծ թիմային աշխատանք է կատարել: «Հայաստանի թիմը լավ պաշտպանական գիծ ունի և հարձակվողական լավ միտք»,-ասաց նա:
Դենիային անհանգստացնում է այն, որ մոտ 20 տարի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելուց հետո Խինես Մելենդեսն այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն է և լավատեղյակ է Իսպանիայի հավաքականի թույլ և ուժեղ կողմերին:
«Իմ կարծիքով A խմբի մրցաշարը կավարտվի միավորների խտությամբ և այս խմբում ամեն ինչ հնարավոր է: Մենք չենք զարմանա յուրաքանչյուր հանգուցալուծման դեպքում»,-եզրափակեց նա:
Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:
8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:
Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին:
Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:
Վարվառա Հայրապետյան