«Տեղի է ունենում բացահայտ և կոպիտ խախտում». Քոչարյանի պաշտպաններն ահազանգում են և դիմում ՄԻՊ Արման Թաթոյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ ամենակոպիտ ձևով խախտվում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, քանի որ վերջինս չի կարողանում օգտվել խափանման միջոց կալնավորումը գրավով փոխարինելու միջոցից։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ:
«Դատական քաշքշուկների պատճառով, արդեն 13 օր է՝ մեր ներկայացրած միջնորդությունը չի քննվում։ Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է, որ իբրև չի կարող այս միջնորդությունը քննարկել, քանի որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, իսկ Վերաքննիչն էլ պատճառաբանում է, որ գործը չի կարողանում ուղարկել Առաջին ատյանի դատարան, քանի դեռ բողոքարկման ժամկետը չի լրացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Ալումյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ բերված երկու փաստարկներն էլ որևէ ընդհանուր բան չունեն օրենքի հետ, քանի որ իրենց ներկայացրած միջնորդությունը պետք է քննվեր դեռ հունիսի 28-ին և որոշում կայացվեր։
«Այս հարցով ես դիմում եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրում եմ անհապաղ միջամտել, քանի որ տեղի է ունենում բացահայտ և կոպիտ խախտում»,- շեշտեց Հ. Ալումյանը։
Նրա կարծիքով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն արել և անելու է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։
«Պետք չէ զարմանալ, որ նա գործը չի ուղարկում Առաջին ատյանի դատարան և դրանով կոպիտ խախտում է օրենքը, սակայն սա առաջին դեպքը չէ , երբ նա օրենքը կոպիտ խախտում է։ Սպասելի էր, որ պարոն Դանիելյանն իրենից կախված ամեն բան կանի, որպեսզի խախտվեն պարոն Քոչարյանի իրավունքները»,- ընդգծեց Հ. Ալումյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան