ՀՀ-ում տնտեսական իրավիճակը բարելավվել է միայն հասարակության 6%-ի համար. IRI
Միջազգային հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի (IRI) ՀՀ-ում իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ-ում տնտեսական իրադրությունը վերջին վեց ամիսների ընթացքում գրեթե չի բարելավվել։ Հետազոտության «Ազգային հեռանկար» բաժնի առաջին հարցը ՀՀ-ում իրադարձությունների զարգացման ընթացքի մասին է, «դրանք ընթանում են ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ» հարցին «ճիշտ ուղղությամբ են ընթանում» պատասխան են տվել հարցվածների 73%-ը՝ օգոստոս ամսվա համար, 72 %-ը՝ հոկտեմբեր ամսվա, և 60%-ը՝ մայիս ամսվա համար։ Ինչպես երևում է, վերջին ամիսների ընթացքում իրադարձությունների զարգացման հանրային գնահատականը փոքր-ինչ փոփոխվել է։ Այս հատվածի սանդղակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ տեղադրված լուսանկարի միջոցով։
Վերջին 6 ամիսների ընթացքում ՀՀ-ում տնտեսական իրավիճակն էապես բարելավվել է հարցվածների 6%-ի համար, ինչ-որ տեղ բարելավվել է հարցվածների 36%-ի համար, իրավիճակը չի փոխվել 35%-ի համար, ինչ-որ տեղ վատթարացել է 14%-ի համար։ Այս հարցման դեպքում տվյալներն օգոստոս-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ գրեթե չեն փոխվել։
Հարցվածների միայն 4%-ն է արձանագրել սեփական տնային տնտեսության ֆինանսական իրավիճակի բարելավում, 20%-ը նշել է, որ դրությունը բարելավվել է ինչ-որ տեղ, 58%-ը՝ անփոփոխ է մնացել, իսկ 14%-ի համար նույնիսկ ինչ-որ տեղ վատթարացել է։
Հարցին «Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ հասարակության շրջանում գերիշխող տրամադրությունները» 2018 թվականի օգոստոս և հոկտեմբեր ամիսներին առավել լավատեսական պատասխաններ են տրվել։ 2019 թվականի մայիս ամսվա համար հարցվածների միայն 29%-ն ունի հավատ, որ ապագան վստահաբար լավն է լինելու, չնայած օգոստոս ամսվա համար այդ ցուցանիշը եղել է 37 %, իսկ հոկտեմբեր ամսվա համար՝ 44%։
Տեղեկացնենք, որ ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրությունն իրականացվել է այս տարվա մայիսի 6-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև, դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը