ՀԲՃ նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի գործով պարզաբանումներ են պահանջվել Ոստիկանությունից. ՄԻՊ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին տեղեկության և դրա կապակցությամբ մտահոգությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Բացի դրանից, վերը նշվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել նաև դեպքից հետո Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ներկայացված «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկի ահազանգով:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած քննարկման շրջանակում առաջնահերթ կարգով կապ է հաստատվել Աննա Շահնազարյանի հետ: Նա Պաշտպանին հասցեագրած գրավոր բողոքով հայտնել է, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել իրեն արգելանքի վերցնելու, այն է՝ ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, իր դատավարական կարգավիճակը, դրանից բխող իրավունքները:
Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանության ծառայողներն անհիմն առգրավել են ակցիայի մասնակիցների գույքը (պաստառ, սեղան, աթոռ, թռուցիկներ), ինչպես նաև հանգանակված ողջ գումարը: Աննա Շահնազարյանի ձևակերպմամբ՝ Ոստիկանության ծառայողներն իրեն հայտնել են, որ ինքը ոչ թե բերման է ենթարկվել, այլ խարդախության կասկածանքով ներկայացվել է Ոստիկանության բաժին:
Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանությունն այս գործողություններով խոչընդոտել է իր հասարակական գործունեությանը:
Ներկայում ձեռք բերված բոլոր տեղեկություններն, այդ թվում՝ Աննա Շահնազարյանի գրավոր բողոքի հանգամանքներն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում: Բարձրացված հարցերի կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով ու կոնկրետ հարցադրումներով գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանություն: