Բաժիններ՝

«Մենք չենք կարող այսօր չհիշեցնել Արմեն Սարգսյանին, որ ինքը ՀՀ-ում չի եկել գործուղման…». Խորհրդանշական ակցիա՝ նախագահականի մոտ

Մենք չենք կարող այսօր չհիշեցնել Արմեն Սարգսյանին, որ ինքը ՀՀ-ում չի եկել գործուղման կամ հարկադիր հանգստի, այլ ունի շատ կոնկրետ պարտականություններ, որոնք պիտի իրականացնի՝ ուզի կամ չուզի: ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ի և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հ/կ-ի #Պահպանեք_Սահմանադրությունը(#Save_Constitution) խորագրով խորհրդանշական ակցիայի ժամանակ այս մասին ասաց հ/կ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Նա հավելեց, որ  Ա Սարգսյանը չի կատարում իր սահմանադրական պարտականությունները։

Նշենք, որ խորհրդանշական ակցիայի նպատակն է՝ ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաև անձամբ խախտում է Սահմանադրությունը։ Ուստի Սահմանադրությունն ունի ՀՀ քաղաքացիների պաշտպանության կարիքը։

Ակցիան մեկնարկել էր Բաղրամյան 1 հասցեից, որտեղից ակցիայի մասնակիցները շարժվեցին  ՀՀ նախագահական նստավայր: Քայլերթի ժամանակ ՀՀ ոստիկաններն արգելեցին քայլերթի մասնակիցներին ակցիան շարունակել նախագահական նստավայրի մայթին՝ մեկնաբանելով, որ դա կարող է խոչընդոտել նստավայրում տեղի ունեցող արարողակարգային միջոցառմանը:

«Երբ այս երկրում Սահմանադրությունը ոտնահարվում է, կամ դուք չեք կատարում Սահմանադրության պահանջը, կամ ձեզ հրաման չեն տալիս կատարելու»,- ասաց Նարեկ Սամսոնյանը, ապա ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանությունը խոչընդոտում է իրենց հավաքներ իրականացնելու իրավունքը:

Նրանք Նախագահական նստավայրի առաջ պայթեցրին նաև Վալերի Օսիպյանի նկարով փուչիկը՝ ի նշան դժգոհության:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական հ/կ-ի ղեկավարն անդրադառնալով Վահե Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց. «Վահե Գրիգորյանը, որը Սասուն Խաչատրյանի անձնական օգտագործման գործիքն է եղել, էդ մարդն էսօր Արմեն Սարգսյանի թեթև ձեռքով փորձում է ուզուրպացնել ՀՀ-ում դատական իշխանությունը, իսկ Արմեն Սարգսյանն ասում է՝ էդ մարդու ասածը մեկնաբանելու կարիք ինքը չունի»:

Ակցիայի վերջում մասնակիցները ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին նվիրեցին Սահմանադրության մեծ օրինակը: «Այստեղ Արմեն Սարգսյանին վերաբերող գլուխն է, որ հաճախակի կարդա ու նույնականացնի իր դե յուրե պարտականությունները դե ֆակտո վոյաժների հետ և հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը խոպան չի»,- ասաց Ն. Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս