«ՍԴ-ի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ». Հրայր Թովմասյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը,- հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ:
Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է:
Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա մղած պայքարի կենսագործումն անխզելիորեն փոխկապակցված են օրենքի գերակայության հաստատման հետ: Գերակայություն, որի տառի պահպանումը պարտադիր կլինի բոլորի և յուրաքանչյուրի համար, որը բարձրագույն արժեք կլինի ոչ միայն օրվա իշխանության, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը:
Իմ խորին համոզմամբ՝ ուժեղ, ժողովրդավար և զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների և Սահմանադրության գերակայության պայմաններում: Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այս գաղափարով և միասին կառուցենք իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման և փոխադարձ հարգանքի հենքի վրա զարգացող պետություն:
Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, և այսօր` Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ Սահմանադրության։
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ»: