Չկա ծառացած մի հարց, որ Սահմանադրությունը չկարգավորի. պատգամավորներն անդրադարձել են մայր օրենքին
ՀՀ ազգային ժողովի պատգամավորները տարբեր տեսակետներ ունեն մայր օրենքի՝ գործող Սահմանադրության վերաբերյալ: Ոմանք կարծում են, թե պետության առջև դեռ չի ծառացել այնպիսի հարց, որ գործող Սահմանադրությունը չկարգավորի, ոմանք էլ դրանում հակասական դրույթներ են տեսնում: ՀՀ Սահմանադրության օրվա առիթով զրուցել է ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ:
«Օրենքը պետք է արտացոլի կյանքը, իսկ կյանքը միշտ արագ ընթացքի մեջ է: Չկա անխոցելի օրենք, այդ թվում ՀՀ Սահմանադրությունը: Ցանկացած օրենք չի կարող լինել կատարյալ, որոշակի բացթողումներ, խութեր ունի, սակայն ասել, թե ներկայիս Սահմանադրությունը խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը, ծայրահեղական է, չեմ կիսում այդպիսի տեսակետը: Ընդհանուր առմամբ, գոհ եմ Սահմանադրությունից»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա կարծիքով՝ Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ կան, որ դեռ պետք է կենսագործվեն: Պատգամավորը կարծում է, որ եթե ներկայիս Սահմանադրության բոլոր դրույթներն իսկապես կատարվեն բոլոր սուբյեկտների կողմից՝ սկսած հասարակ քաղաքացիներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ, շատ խնդիրներ կլուծվեն: «Եղածը պետք է կատարել, հետո մտածել ապագայի մասին, այսօր ՀՀ Սահմանադրությունը դեռ լիարժեք իրացված չէ, որ փորձենք մտածել այլ մայր օրենքի մասին»,-նշեց Պետրոսյանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ վերջերս ստեղծված իրավիճակի վերաբերյալ հնչող տեսակետներին, թե երկրում սահմանադրական ճգնաժամ կա՝ Պետրոսյանը չհամաձայնեց: «Սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի իրականում»,-կարծիք հայտնեց նա ու չկիսեց տեսակետները, թե սահմանադրության որոշակի դրույթներ երկակի մեկնաբանությունների տեղիք են տալիս, նա կարևորեց հաշվի առնել, թե այդ մեկնաբանողն ինչ շահ է հետապնդում:
Սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ հնչող տեսակետները չկիսեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Սահմանադրական ճգնաժամերն այլ բան են, երբ Սահմանադրությունն ըստ էության չի կարգավորում այնպիսի հարաբերություններ, որոնք երկրում առաջացել են: Իմ կարծիքով՝ մեր պետության առջև դեռ չի ծառացել այնպիսի հարց, որ այս պահին Սահմանադրությունը չկարգավորի: Այլ բան է, որ կան Սահմանադրության նորմերի այլ մեկնաբանություններ, դա նորմալ է»,-ասաց Սիմոնյանն ու նույնիսկ դրական համարեց, որ լինեն տարաբնույթ մեկնաբանություններ, որը կօգնի սահմանադրական մշակույթի զարգացմանը:
Սիմոնյանի կարծիքով՝ գործող Սահմանադրությունն ըստ էության տալիս է այն նվազագույն չափանիշները՝ երկրի իրավական մշակույթի զարգացման համար: «Պարզապես փաստաթղթից պահանջել, որ ամբողջ երկրի իրավական մշակույթը միանգամից կբարձրացվի, այնքան էլ նպատակահարմար ու իրատեսական չէ: Սահմանադրություն ունենալն առաջին քայլն է, իսկ սահմանադրական մշակույթ ունենալը հասարակության զարգացման ընթացքում է ի հայտ գալիս, որը միգուցե տասնամյակներ տևի: 1995-ին Սահմանադրությունն ընդունելով՝ մենք ըստ էության ընդգծեցինք պետականաշինության հիմքերը և դրանով իսկ ապահովեցինք առաջին քայլերը»,-ասաց պատգամավորն ու նկատեց, որ սակայն դրանով բավարարվել չարժե:
Նրա կարծիքով՝ մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ օր առաջ ավելի արագ ու հիմնավոր սահմանադրական մշակույթ ունենանք:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ ոչ թե Սահմանադրությունն է ճգնաժամ ապրում, այլ Սահմանադրական դատարանը: Պատգամավորի կարծիքով՝ Սահմանադրության անցումային դրույթները համահունչ չեն ընդհանուր դրույթներին: Նա նկատում է, որ օրինակ սահմանված է, որ ՍԴ-ի անդամները շարունակելու են պաշտոնավորել որպես դատավորներ, սակայն մեկ այլ հոդվածում գրված է, որ որոշումները կայացվելու են բացառապես դատավորների կողմից:
«Կոնկրետ իմ պահանջներին Սահմանադրությունը չի համապատասխանում, իմ պատկերացումները Սահմանադրության վերաբերյալ մի փոքր այլ են: Ես պատկերացնում եմ, որ սահմանադրությունը պետք է լինի փաստաթուղթ, որտեղ պետք են արձանագրված լինեն պետության պարտավորությունները մեր բնակչության նկատմամբ, այլ ոչ թե երկկողմանի իրավակարգավորումներ նախատեսվեն: Փաստաթուղթն այնպես չի ձևակերպված, որն յուրաքանչյուր մարդու պաշտպանվածության մակարդակը բարձրացնի»,-ասաց Բաղդասարյանն ու նշեց, որ տեսնում է սահմանադրական փոփոխությունների կարիք:
1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
Աննա Գրիգորյան