Բաժիններ՝

Ինչպե՞ս Ֆրենկի դե Յոնգը կհարմարվի «Բարսելոնայի» խաղին

Ֆրենկի դե Յոնգը դարձավ Եվրոպայի ամենախոստումնալից տաղանդներից մեկը, և զարմանալի չէ, որ կատալոնական «Բարսելոնան» արագ քայլեր է ձեռնարկել խաղացողին ձեռք բերելու համար: Նրա՝ գնդակով և առանց գնդակի խաղը, ինքնատիրապետումը և հանգստությունն ապշեցրին եվրոպական ֆուտբոլի սիրահարներին: 22-ամյա հոլանդացին արդեն իսկ իր հիմնական տեղն ունի Հոլանդիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմում:

Կատալոնական ակումբը ձեռք է բերել հրաշալի կիսապաշտպանի, բայց Էռնեստո Վալվերդեի համար իսկական գլուխկոտրուկ է լինելու նրան թիմի հիմնական կազմում ընդգրկելը: Առաջարկում ենք մի քանի տարբերակ, որ կարող է օգտագործել Էռնեստո Վալվերդեն:

Արթուր-Բուսկետս-դե Յոնգ

Հաջողության դեպքում Վալվերդեն այս եռյակին շատ հաճախ կարող է վստահել: Նման կոմբինացիան, որտեղ Արթուրը հստակորեն պահում է գնդակը, Բուսկետսը լավ է գործում պաշտպանական գծում, իսկ դե Յոնգը միանում է հարձակվողներին, կարող է սարսափ լինել հակառակորդների համար:

Կատալոնական ակումբը շատ է սիրում խաղալ գնդակով, իսկ այս եռյակը կարող է ապահովել կապը պաշտպանությունից հարձակում, ինչն ինչ-որ առումով կնմանվի հայտնի տկի-տակային:

Արթուր-դե Յոնգ-Ռակիտիչ

Այս կոմբինացիայի դեպքում Արթուրն ու Ռակիտիչը կխաղան իրենց համար սովորական դիրքերում, իսկ դե Յոնգն ավելի շատ կգործի պաշտպանական գծում: Սա թույլ կտա Բուսկետսին ավելի շատ հանգստանալ և ամբողջ մրցաշրջանի ընթացքում լինել լավ մարզավիճակում:

Շատ փորձագետներ նշում են, որ դե Յոնգն ապագայում կարող է կատարել Բուսկետսի դերն ակումբում: Կատալոնացիներն արդեն պատրաստվում են իսպանական մաեստրոյի հեռանալուն:

Կոուտինիո-Արթուր-դե Յոնգ

Հաշվի առնելով, թե որքան հաջող է հանդես գալիս Կոուտինիոն Բրազիլիայի հավաքականում (Ամերիկայի գավաթի ընթացքում), հստակ է դառնում, որ նա ավելի շատ սիրում է խաղալ կիսապաշտպանության առջևի գծում՝ հարձակվողների անմիջապես հետևում: Մինչև Կոուտինիոն խաղա այս դիրքում, Ֆրենկին պետք է ստեղծի ազատ տարածություն և Արթուրի հետ վերահսկի գնդակը:

Այս սխեմայի կենտրոնում կլինի Արթուրը. Նա ունի հրաշալի փոխանցումներ և կարող է որոշիչ դեր ունենալ գոլային կոմբինացիաների իրականացման ընթացքում: Խաղի մեջ լինելն Արթուրի մոտ դժվար թե ստացվի, բայց ինչպես ասում են՝ փորձը փորձանք չէ:

Կոուտինիո-դե Յոնգ-Վիդալ

Սա շատ լավ եռյակ է այն դեպքում, երբ Վալվերդեն որոշի ռոտացիա իրականացնել: Արթուրո Վիդալը շատ լավ օգնում է թիմին՝ խլելով գնդակներ: Առանց նրա կատալոնացիների ֆուտբոլիստները ստիպված են ակտիվ պրեսինգի դիմել գնդակը խլելու համար:

Այս սխեմայի դեպքում Կոուտինիոն և Ֆրենկին կաշխատեն տանդեմում, որպեսզի խլեն գնդակը մրցակցից և ստեղծեն գոլային դրվագներ: Հոլանդացին ավելի հետ կմնա, իսկ Վիդալը կգնա առաջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս