Արմեն Գևորգյան. «Եվս մեկ անգամ՝ գույքահարկի մասին»

«Գույքահարկի բարձրացման խնդրի մասին» իմ հրապարակումը հետաքրքիր մասնագիտական քննարկման առարկա դարձավ։ Հաշվի առնելով տեսակետների և մոտեցումների բազմազանությունը՝ մեկ անգամ ևս ավելի հակիրճ, բայց հստակ ձևակերպեմ իմ մտահոգությունները։

Գույքահարկի բարձրացումը.

  1. Չի բարելավի պետբյուջեի վիճակը,

– եթե չեն կրճատվելու բյուջեից համայնքներին տրվող սուբսիդիաները

– չի կոմպենսացնի եկամտահարկի միասնական դրույքաչափի անցման հետևանքով առաջացած՝ բյուջեի կորուստները։

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների վրա դրական ազդեցություն չի ունենա.

– չեն ավելանա նոր ծառայություններ, և չեն բարելավվի հները, եթե սուբսիդիաները կրճատվեն

– կավելանան չվճարված հարկերի ծավալը և դատական հայցերի քանակը

– չի փոխվի տեղական եկամուտների կառուցվածքը

– խնդիրներ կառաջանան նոր, միասնական հարկի վարչարարության հետ

  1. Բացասական ազդեցություն կունենա քաղաքացիների կենսամակարդակի վրա.

– կմեծացնի յուրաքանչյուր հարկ վճարող ընտանիքի ծախսերը

– քաղաքացիները կորուստներ կունենան իրենց ակտիվների շուկայական արժեքի նվազման պատճառով

– շատերը ստիպված կլինեն վաճառել իրենց անշարժ գույքը

– իր գրավչությունը կկորցնի եկամտահարկի փոխհատուցման ծրագիրը

– փոփոխությունը կհանգեցնի քաղաքացիների սեփականության ստիպված, իրավիճակային օտարման և վերաբաշխման

  1. Չի նպաստի տնտեսական աճին և ակտիվությանը.

– կդառնա խոչընդոտ հիպոթեքային վարկավորման համար

– հնարավոր կդարձնի ցնցումներն անշարժ գույքի շուկայում

– կնվազեցնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն անշարժ գույքի շուկայի նկատմամբ

– շինարարական բիզնեսի համար կավելացնի ռիսկերը

– կհանգեցնի վարձավճարների բարձրացման

– կմեծացնի մանր և միջին բիզնեսի ֆինանսական ծանրաբեռնվածությունը և ծառայությունների արժեքը

– խնդիրներ կառաջացնի արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի համար։

Հ.Գ. Մեկ անգամ ևս հիշեցնում եմ։ Գույքահարկի բարձրացման թեման քննարկվել է նաև նախորդ կառավարությունների օրոք, և դա նոր թեմա չէ։ Ես միշտ սկզբունքորեն դեմ եմ եղել դրան՝ վերոնշյալ հիմնավորումների և մտահոգությունների պատճառով։

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ

 

 

Տեսանյութեր

Լրահոս