Եվրոպական երկրորդ խաղերի փակմանը մարզադաշտից հետևել է մոտ 22 հազար հանդիսական
Հայաստանի հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Փակմանը ներկա էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ երկրների ղեկավարներ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությամբ մարվեց խաղերի խորհրդանիշ կրակը:
Եվրոպական խաղերի փակման արարողությունը նույնպես կայացավ «Դինամո» մարզադաշտում: Փակմանը մարզադաշտից հետևեցին մոտ 22 հազար հանդիսական: Կազմակերպիչները խաղերի եզրափակիչ մասում հիմնականում տեսանյութերի միջոցով ներկայացրեցին մարզիկների անզիջում, գեղեցիկ, հուզիչ, արդար պայքար-մրցակցությունը` առանձնակի ընդգծելով խաղերի կայացման գործում կամավորների գործոնը:
Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեց նաև Բելառուսի հիմնը, մարզադաշտ դուրս բերվեցին մասնակից երկրների դրոշները, ի դեպ, Հայաստանի դրոշակակիրը Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էր:
Ներկաների ողջույն և հրաժեշտի խոսքով դիմեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և առանձնացրեց, որ Բելառուսը կարողացավ լավ անցկացնել խաղերը միայն միասնականության շնորհիվ: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Յանեժ Կոչիյանչիչը իր փակման խոսքում շեշտեց, որ այս խաղերը դարձան իսկական սպորտային տոն:
Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 4 տարի անց Կրակով քաղաքում: Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողը Ռուսաստանի ընտրանին է 109 մեդալով` 44 ոսկե, 23 արծաթե, 42 բրոնզե: Հայաստանը նվաճեց 11 մեդալ և հաշվարկում միայն 11-րդն է: Եվրոպական խաղերի չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը, Հովհաննես Բաչկովը , Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Տիգրան Կիրակոսյանը: Արծաթե մեդալներ նվաճեց Վահագն Դավթյանը, Կարապետ Չալյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ ահա Գոռ Ներսիսյանը, Կարեն Տոնականյանը և Արսեն Ղազարյանը բավարարվեցին բրոնզե մեդալով: