«Բարսելոնան» Գրիզմանի համար 120 մլն եվրոյից ավել գումար չի վճարի. Mundo Deportivo
«Բարսելոնան» մտադիր է ստորագրել «Ատլետիկոյի» արդեն նախկին հարձակվող Անտուան Գրիզմանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը պլանավորում է ֆուտբոլիստին վճարել 126 միլիոն եվրո: Բայց այդ գումարը պետք է վճարվեր մասերով: Սա պետք է արվեր նրա համար, որ կատալոնական ակումբը միանգամից չվճարեր ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 120 մլն եվրո:
Սակայն, ըստ El Mundo Deportivo-ի, կատալոնական ակումբը չի պատրաստվում վճարել ավելի քան 120 միլիոն ֆրանսիացու համար: Հնարավոր է՝ գումարը կկրճատվի, եթե գործարքի մեջ ընդգրկվի կապտանռնագույնների խաղացողներից մեկը: Գուցե դա կլինի պաշտպան Նելսոն Սեմեդուն:
Գրիզմանի՝ կատալոնական ակումբի հետ պայմանավորվածություն ունենալու մասին խոսել է «Ատլետիկոյի» գործադիր տնօրեններից մեկը՝ Միգել Անխել Խիլ Մարիան:
«Մարտից մենք գիտեինք, որ Գրիզմանը գնալու է «Բարսելոնա»»,-ասել է Խիլ Մարինան:
Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները հավանություն չեն տվել Գրիզմանի տեղափոխությանը:
Գրիզմանն օրերս հայտարարել էր, որ գիտի՝ ուր է տեղափոխվելու, և շուտով բոլորին ամեն ինչ կհայտնի:
«Ես գիտեմ, թե ուր եմ ուզում գնալ և ինչ զոհողությունների պետք է գնամ այնտեղ հայտնվելու համար: Ես խնդրում եմ մի փոքր համբերություն: Մի փոքր համբերություն, երբ ամեն ինչ պարզվի, ես կհայտնեմ: Երբ իրավիճակն ամբողջությամբ պարզվի, ուրախ կլինեմ ձեզ պատմել ամեն ինչ»,- ասել է Գրիզմանը:
Անցյալ ամիս ֆրանսիացին հայտարարեց, որ հեռանում է «Ատլետիկոյից»: Հուլիսի 1-ից խաղացողի պայմանագրում հրաժարագինը կկազմի 120 մլն եվրո: Գրիզմանին գնելու հիմնական հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է:
««Բարսելոնան» Գրիզմանի հետ բանակցություններ չի վարում: Մենք միշտ էլ ասել ենք, որ բանակցություններ չենք վարում: Մենք հայտարարելու ոչինչ չունենք: Կտեսնենք, թե մոտակա օրերին ինչ տեղի կունենա շուկայում»,- նշել է կատալոնական ակուբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն:
Սիրարփի Աղաբաբյան