Վենեսուելա-Արգենտինա. հնարավո՞ր է սենսացիա
Արգենտինան չի ցուցադրում որակյալ ֆուտբոլ, բայց, կարծես, Ամերիկայի գավաթի 1/4 եզրափակչում հանդիպելու է համեմատաբար թույլ մրցակցի: Կկարողանա՞ն Մեսսին և ընկերները դուրս գալ կիսաեզրափակիչ, թե՞ կլինի սենսացիա:
Վենեսուելա
Վենեսուելայի հավաքականը ոչ այնքան հեշտ խմբում էր հայտնվել, որտեղ փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում էին նաև Բրազիլիան, Պերուն և Բոլիվիան:
Առաջին տուրում Ռաֆայել Դուդամելայի սաները կարողացան ատամներով պահել ոչ-ոքի արդյունքը Պերուի հետ. չնայած կարմիր քարտին, այդ խնդիրը լուծվեց: Երկրորդ տուրում եղավ սենսացիա՝ Վենեսուելան կարողացավ ոչ-ոքի խաղալ Բրազիլիայի հետ՝ թիմերը այդպես էլ չգրավեցին միմյանց դարպասները:
Երկրորդ տուրից հետո արդեն պարզ էր, որ Վենեսուելան լրջորեն նպատակ ունի Բրազիլիայի հետ պայքարել փլեյ-օֆֆի համար:
Երրորդ որոշիչ տուրում վենեսուելացիները կարողացան 3:1 հաշվով հաղթել Բոլիվիային և դուրս գալ փլեյ-օֆֆ: Դուդամելայի թիմը 5 միավորով զբաղեցրեց խմբում 2-րդ հորիզոնականը՝ չունենալով ոչ մի պարտություն խմբային փուլում:
Վերջին 4 խաղերում Վենեսուելան չի պարտվում՝ երկու հաղթանակ և երկու ոչ-ոքի:
Արգենտինա
Աշխարհի առաջնության անհաջող ավարտից հետո Արգենտինայի ազգային հավաքականը չկարողացավ կտրուկ փոխել իր ոճը Ամերիկայի գավաթի խաղարկությունում, չնայած այն հանգամանքին, որ Լիոնել Սկալոնիի թիմը փլեյ-օֆֆում է: Արգենտինացիների խաղը, մեղմ ասած, չի տպավորում և հեռու է իդեալական լինելուց:
Արգենտինայի ազգային հավաքականը ավանդաբար համարվում է մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկը, սակայն ալբիսելեստեն ավանդաբար էլ ձախողվում է մրցաշարի մեկնարկում:
Առաջին տուրում Կոլումբիան դարձավ անհաղթահարելի խոչընդոտ Լիոնել Սկալոնիի թիմի համար. 0:2 հաշվով պարտությունը զգալիորեն վատթարացրեց արգենտինացիների դիրքերը: Կոլումբիան ակնհայտորեն ցույց տվեց, որ Արգենտինայի հավաքականում կան զգալի բացեր:
Երկրորդ տուրում Արգենտինան 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Պարագվայի հետ՝ տեղափոխվելով աղյուսակի ստորին հատված:
Անգամ Կատարի հավաքականը երրորդ տուրում արգենտինացիների ֆոնին աութսայդերի տեսք չուներ: 2 գոլ և Արգենտինան նվաճեց այդքան կարևոր 3 միավորը:
Նման խաղով մրցաշարի ֆավորիտներից մեկը հաղթելու քիչ հնարավորություններ ունի:
Արգենտինայի հավաքականը, ինչպես նշեցինք, ստաբիլ խաղ չի ցուցադրում: Ալբիսելեստեն խնդիրներ ունի թե՛ հարձակման գծում և թե՛ պաշտպանությունում: Սակայն, արգենտինացիները ունեն առնվազն երկու հաղթաթուղթ: Դրանցից մեկը, իհարկե, Լիոնել Մեսսին է, իսկ երկրորդը՝ արգենտինացիների պրոֆեսիոնալիզմը, որակը և ֆուտբոլիստների անհատական փորձառությունը: Արգենտինացիները զուր չէ, որ ֆավորիտ են համարվում:
Բայց, Վենեսուելան էլ պատահաբար չի հայտնվել 1/4 եզրափակչում: Դուդամելայի թիմը ցուցադրում է շատ կազմակերպված և հավասարակշիռ ֆուտբոլ: Թիմը կարողանում է իրացնել անգամ քիչ պահերը: Ակնհայտ է, որ Վենեսուելան շեշտը դնելու է պաշտպանության վրա, բայց, հաշվի առնելով, թե ինչ վիճակում է արգենտինացիների պաշտպանությունը հիմա, վենեսուելացիները առանց գոլի դժվար թե հեռանան դաշտից:
Ամերիկայի գավաթում հայտնի է կիսաեզրափակչի միայն մեկ մասնակից՝ Բրազիլիան: Եվս երկու մասնակիցներ հայտնի կդառնան այսօր՝ Կոլումբիա-Չիլի, Վենեսուելա-Արգենտինա խաղերից հետո:
Սիրարփի Աղաբաբյան