Բաժիններ՝

Տապը Ֆրանսիայում բացարձակ ռեկորդ է սահմանել

Հունիսի 28-ին Ֆրանսիայում գրանցվել է երկրի օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում օդի ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը: Այդ մասին հայտնել է France Info-ն՝ հղում անելով տեղի օդերեւութաբանական ծառայությանը: Նրա տվյալներով՝ օրվա ընթացքում Վոկլյուզի հարավային դեպարտամենտի Կարպենտրա կոմունայում օդը տաքացել է ըստ Ցելսիուսի մինչեւ 44,3 աստիճան:

Մինչ այդ, օդի առավելագույն ջերմաստիճանը Ֆրանսիայում դիտարկումների ողջ պատմության ընթացքում համարվում էր ըստ Ցելսիուսի 44,1 աստիճան ցուցանիշը: Այն գրանցվել է 2003 թվականի օգոստոսի 12-ին Գարի նահանգում՝ Ֆրանսիայի հարավում:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Բուշ-դյու-Ռոնի, Գարի, Էրոյի եւ Վոկլյուզի դեպարտամենտներում հունիսի 28-ին վտանգի ամենաբարձր մակարդակն է հայտարարվել տապի պատճառով: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի քաղաքացիներին «առավելագույն զգոնության» կոչ է արել: Նա նաեւ հայտնել է, որ հունիսի 28-ին բարձր ջերմաստիճանների պատճառով Ֆրանսիայում փակ կլինի 4 հազար դպրոց, հաղորդել է, «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս