Պուտինը և Թրամփը կոչ են արել խուսափել սպառազինությունների մրցավազք հրահրող քայլերից. Լավրով
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը Օսակայում կայացած հանդիպմանը կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սպառազինությունների մրցավազք հրահրել: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների, ռազմավարական կայունության վերաբերյալ երկու նախագահներն էլ ասել են, որ հարկավոր է խուսափել այնպիսի քայլերից, որոնք սպառազինությունների մրցավազք կհրահրեն:
Երկուսն էլ համաձայնել են, որ այդ հարցերը միջազգային հանրակցության համար հանգուցային են անվտանգության ոլորտում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, կոչված են առաջատար դեր խաղալ այն ռիսկերի նվազեցման գործում, որոնք, ցավոք, կուտակվում են նաեւ այս ոլորտում»,-ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հասկանում են համագործակցության անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: