Գարո Փայլանը հարցում է ուղարկել Թուրքիայի ՆԳՆ-ին Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունների հետաձգման վերաբերյալ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան մահից հետո տեղապահի ընտրության օրվա փոփոխության վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Տեղապահի ընտրությունը պետք է տեղի ունենար 2019 թվականի հունիսի 27-ին, սակայն ներքին գործերի նախարարությունը, Պոլսի կուսակալության միջոցով 2019 թվականի հունիսի 26-ին առանց որևէ պատճառաբանության հայտնել է, որ տեղապահի ընտրությունը պետք է հետաձգվի մինչև 2019 թվականի հուլիսի 4:
2019 թվականի մայիսի 23-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատրիարքի ընտրությանը խոչընդոտելը կդիտվի որպես «կրոնական ազատության ոտնահարում»:
Փայլանը հարցման մեջ հարցադրում է կատարել այն մասին, թե որն է Թուրքիայի Հայոց պատրիարքարանի տեղապահի ընտրության օրվա փոփոխության պատճառը, ինչու և ինչ իրավական հիմունքներով է ՆԳ նախարարությունը միջամտել հոգևոր կառույցի ներքին գործերին և այլն:
2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հունիսի 18-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի որոշմամբ պատրիարքի տեղապահի ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 27-ը: