Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը պատրաստվում է 14 միլիոն դրամ արժողությամբ մարդատար ավտոմեքենա ձեռք բերել պոլիկլինիկայի հաշվին
Դեռևս նախորդ տարվա մայիսի 29-ին այն ժամանակ Երևանի ավագանու դեռևս «Ելք» խմբակցության պատգամավորները լրագրողների ուղեկցությամբ մի խումբ աշխատակիցներից ստացած բողոքների հետքերով այցելել էին Երևանի թիվ 19 պոլիկլինիկա՝ տեղում խնդիրը հասկանալու ու որոշ բացահայտումներ կատարելու։
Ըստ բողոքների՝ պոլիկլինիկայի տնօրինությունը բուժանձնակազմի աշխատավարձերից անհասկանալի «պահումներ» էր կատարում՝ կոմունալները վճարելու համար: Բացի այս, պոլիկլինիկայի մամոգրաֆիայի սարքավորումը չի աշխատում, սակայն ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ցուցադրեց ՀԴՄ կտրոններ, որոնք փաստում են՝ 10 հազար դրամ վճարում է կատարվել մամոգրաֆիայի համար: Մինչդեռ, Դավիթ Խաժակյանը պնդեց՝ «Այս սարքը երբևէ չի աշխատել»։
Պոլիկլինիկայում հայտնաբերված չարաշահումների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնական լիազորություններն առերևույթ անցնելու վերաբերյալ:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տարիներ շարունակ պոլիկլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերից կատարվել են պահումներ՝ 10 000-20 000 ՀՀ դրամի սահմաններում:
Բացի այդ, պարզվել է նաև, որ մտացածին անձանց անուններով կատարվել են «մամոգրաֆիա» հետազոտության վերաբերյալ վճարումներ՝ 10 000 դրամի չափով, այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, չի շահագործվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնել էին ՔԿ-ից։
168.am–ը Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանին հարցրեց, թե ի՞նչ ընթացքում է Սամվել Սարգսյանի կատարած չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործը։
«Նախաքննությունը շարունակվում է. այս պահին սպասում ենք փորձաքննությունների եզրակացությանը։ Դրանք կատարում է Առողջապահության նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ը։ Մենք դրանց հետ առնչություններ չունենք»,- ասաց ՔԿ խոսնակը։
Մեր այն հարցին, թե քրեական գործը մեկ տարի առաջ է հարուցվել, մինչև այժմ նախաքննությո՞ւն է ընթանում, Ն. Հարությունյանն ասաց, որ պոլիկլինիկաների չարաշահումների բազմաթիվ դեպքեր կան, աշխատանքների ծավալը հսկայական է, և դա է պատճառը, որ նախաքննությունը երկարում է։
Բայց, փաստորեն, թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանն այնքան է վստահ իր անպատժելիության մեջ, որ չի վարանում ու իր համար պոլիկլինիկայի հաշվին շքեղ գնումներ է կատարում։
Հետաքրքիր է, ինչպե՞ս կվերաբերվի հասարակությունը, եթե իմանա, որ նոր իշխանությունների հանրահռչակած արդար Հայաստանում համայնքապատկան պոլիկլինիկայի տնօրենը 14 մլն 200 հազար դրամ կամ մոտ 30 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար արժողությամբ մեքենա է գնում պոլիկլինիկայի միջոցներով, իսկ դեղերը ձեռք է բերում 30% և 50% զեղչ լինելու պայմաններում։
Մեքենայի տեխնիկական բնութագրերից հասկանում ենք, որ այն հիվանդ տեղափոխելու համար չէ, և շատ հետաքրքիր է, թե 2․4 լ շարժիչով, քսենոնային լուսարձակներով մեքենան ի՞նչ կարիքի համար է ձեռք բերվում պոլիկլինիկայի միջոցներով։
Ըստ գնանշման հարցման մասին հայտարարության՝
Պատվիրատուն` «Թիվ 19 Պոլիկլինիկա» ՓԲԸ–ն, որը գտնվում է ք. Երևան Զորավար Անդրանիկ 5/9,
հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Գնանշման հարցման ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել մարդատար մեքենայի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Հայտերի բացումը տեղի կունենա ք.Երևան Զորավար Անդրանիկ 5/9 հասցեում, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ին։
Մենք փորձեցինք թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանից հարցնել, թե ինչ կարիքների համար է ձեռք բերվում նշված մարդատար ավտոմեքենան, սակայն նրա՝ թե աշխատասենյակի, և թե բջջային հեռախոսը լռում էր։
Ամեն դեպքում մենք կսպասենք տնօրենի պատասխանին ու այն սիրով կհրապարակենք։
Թիվ 19 պոլիկլինիկան համայնքապատկան պոլիկլինիկա է։ Ճիշտ է, վերջինս հանձնված է հավատարմագրային կառավարման մասնավոր կազմակերպության, սակայն հաշվի առնելով քրեական գործերը, որ կան հարուցված, և այն պայմանագիրը, որը քաղաքապետարանը կնքել է այդ մասնավոր կառավարչի հետ, քաղաքապետը կարող էր սկսել պայմանագրի լուծարման գործընթաց։ Բայց, ինչպես տեսնում ենք, պոլիկլինիկայի տնօրենը ոչ միայն դեռևս որևէ պատասխանատվության չի ենթարկվել իր կատարած չարաշահումների համար, այլև պոլիկլինիկայի միջոցներից 30 000 դոլար արժողությամբ մեքենա է ձեռք բերում՝ հավանաբար իր իսկ կարիքների համար։
Փաստորեն, թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի ձեռքերն ըստ էության արձակ են, և քաղաքապետն այնքան է անտեսել նրան ու նրա հետ կապված խնդիրները, որ նա համարձակվում է պոլիկլինիկայի հաշվին ճոխ գնում կատարել։