«Իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում». Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։

Խոսելով STARMUS փառատոնի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ հաջող փառատոն է, որը ներկայացնում է 21-րդ դարի արժեքները։ Դրանց նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իր՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» վերնագրով գրքում, որը լույս կտեսնի շուտով: Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մարդիկ փոխկապակցված են, իսկ փոխկապակցված աշխարհը դարձել է ժամանակակից կյանքի կարևոր մասը:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կարելի է նախկին աշխատանքի ժամանակ ձեռք բերած փորձառության տարրերը կիրառել ներկայիս քաղաքական պաշտոնում, նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հայելային կերպով չի անդրադառնում իր իրական կյանքի վրա։ «Իրական կյանքն ապացուցում է իմ տեսությունը, որ մեր կյանքում շատ բաներ կարելի է բացատրել՝ հասկանալով փոխկապակցված տարրական մասնիկների վարքագիծը,- ասել է հանրապետության նախագահը։- Գիտելիքը, որն այս վարքագծի վերաբերյալ ունենք մաթեմատիկայում, կարելի է կիրառել սոցիալական վարքագծի կամ քաղաքականության վրա»։ Մասնավորեցնելով ասելիքը STARMUS -ի օրինակով՝ նախագահ Սարգսյանը հիշել է, թե ինչպես է փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը պատմել, որ երբ նախաձեռնել է փառատոնը, պատկերացում չի ունեցել, թե այն ինչ ավարտ է ունենալու։ «Այսինքն, այստեղ կար անորոշության սկզբունքը, որը կիրառելի է ինչպես քվանտային մեխանիկայի, այնպես էլ, ստացվում է, STARMUS -ի դեպքում»,-ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ փառատոնի մասնակիցները լուրջ մարդիկ են, այդ թվում՝ 10-20 նոբելյան մրցանակակիրներ, ովքեր և երբեք չեն վատնում ժամանակը, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հատուկ թեմաների՝ մաթեմատիկայից մինչև տեսական ֆիզիկա, գրավիտացիա, աստղաֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա և այլն։ «Այս մարդիկ գալիս են փառատոնին, քանի որ սա է նոր աշխարհը,-ասել է Արմեն Սարգսյանը։ -Դրա ամենապարզ բացատրությունը կարող եմ բերել մի օրինակով։ 30-40 տարի առաջ ես հետազոտություն էի իրականացնում հարաբերական աստղաֆիզիկայում, իրականացնում նեյտրոնային աստղի բարդ մոդելավորում։ Երբ անում էի այդ մոդելավորումը, անհրաժեշտ էր համակարգիչ օգտագործել: Սակայն 40 տարի առաջ ամենահզոր անձնական համակարգիչը 10 կիլոբայթանոց էր։ Այսօր իրական ժամանակում այդ մոդելավորումը կարող ես ունենալ և անգամ ցույց տալ մարդկանց, ու դա պարզապես հիանալի է։

Երկրորդ կետը, որ կարևոր է, գիտությունը կրկին հանրաճանաչ դարձնելն է։ Երբ ես երիտասարդ էի, ոգևորված էի մարդու՝ տիեզերք թռչելու գաղափարով։ Հայաստանը նախկին Խորհրդային Միությունում շատ առաջադեմ երկիր էր, որն ուներ էլեկտրոնային արագացուցիչ, Բյուրականի աստղադիտարան և այլն։ Գիտնական լինելը շատ գրավիչ էր»։ Մեր օրերում, նախագահի խոսքով, շատ գրավիչ է ծրագրավորողի մասնագիտությունը: «Սակայն ապագան ծրագրավորումը չէ, ապագան բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորումն է, արհեստական բանականությունը, մեծ ծավալի տվյալների կառավարումը, -ասել է Հայաստանի նախագահը։- Ուստի, որպեսզի երիտասարդ անհատը ոգևորված լինի զբաղվել դրանով, պետք է ստեղծել ոգևորություն: Իսկ ո՞րն է ոգևորելու ավելի լավ ճանապարհը, քան այսպիսի փառատոնը, որտեղ հիասքանչ երաժիշտներ, արտիստներ են, ովքեր սիրում են գիտությունը, որտեղ հիանալի գիտնականներ են, ովքեր սիրում են արվեստը, և մեծ տիեզերագնացներ, ովքեր գիտության դեսպաններն են, քանի որ նրանք թռչում են սարքերով, որոնց հեղինակը մեծն գիտնականներն են»:

Կարո՞ղ են տիեզերական ծրագրերը դեռ ունենալ նույն ազդեցությունը, ինչ խորհրդային ծրագրերը գործեցին ԽՍՀՄ-ի երեխաների վրա։ Անդրադառնալով լրագրողի այս հարցադրմանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ երեխաները կամ առհասարակ հասարակությունը կարող է ոգևորվել նաև այլ բաներով: «Մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում առողջապահության ոլորտում, որի մասին երեսուն տարի առաջ չէինք էլ կարող երազել,-ասել է Արմեն Սարգսյանը։- Այս առաջադիմությունը շատ ավելի ֆենոմենալ կլինի, երբ կիրառենք արհեստական բանականությունը, որը կօգնի ավելի լավ հասկանալու ԴՆԹ-ն ու դրա վարքագիծը, հասկանալու մեր սեփական տիեզերքը, որը մեր մարմնում է, մեր ուղեղի մեջ։ Մեծ հայտնագործություններ կան կենսաբանության, արհեստական բանականության ոլորտում, որոնք կոգևորեն երեխաներին։ Դա ինձ էլ է ոգևորում։ Ես իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում»։

Տեսանյութեր

Լրահոս