«Անհնար է որևէ քաղաքաշինական հարց լուծել՝ առանց բնապահպանական ուսումնասիրության». Արթուր Մեսչյան
Ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր ավագանու նիստում դիմելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, հետաքրքրվեց` արդյո՞ք մտադիր չէ գոնե մեկ բնապահպան ներգրավել քաղաքաշինության հանձնաժողովում, որպեսզի այդ խնդիրներին բախվելու դեպքում ունենա բնապահպանական մասնագիտական եզրակացություն։
«Նախորդ շաբաթ մեր խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպեցինք Երևանի կանաչապատման արդի խնդիրների վերաբերյալ լսումներ, որը բավականին հետաքրքիր էր։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունից որևէ մեկը չմասնակցեց այդ քննարկումներին։ Բնապահպանները խնդիր բարձրացրեցին այն մասին, որ նախկինում Երևանի քաղաքապետին կից գործել է բնապահպանության և քաղաքաշինության հանձնաժողով, սակայն այսօր հանձնաժողովը կիսվել է՝ բնապահպանությունն առանձին է, քաղաքաշինությունը՝ առանձին, սակայն վերջին հանձնաժողովում չկան բնապահպաններ, որն իրենց համար շատ խնդրահարույց է»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը։
Պատասխանելով հարցին՝ Արթուր Մեսչյանը տեղեկացրեց, որ որևէ գործընթաց` կապված քաղաքաշինության հետ, չի կարող լինել առանց բնապահպանների մասնակցության։
«Չգիտեմ` այդ տեղեկությունն ով է ասել։ Բացի քաղաքաշինական խորհրդի անդամներից, մենք ունենալու ենք մշտական խորհրդատուներ, որոնք քաղաքաշինության հանձնաժողովի անդամներ չեն։ Նրանց կհրավիրենք, կմասնակցեն գրեթե բոլոր նախագծային աշխատանքներին, իսկ այն ծրագրերը, որոնք չեն առնչվում բնապահպանությանը, բնականաբար, իմաստ չունի նրանց ներկայությունը, չնայած, եթե ցանկանում են, կարող են և ներկա լինել։ Բայց այսօր անհնար է որևէ քաղաքաշինական հարց լուծել՝ առանց բնապահպանական ուսումնասիրության»,- նշեց Արթուր Մեսչյանը։
Զվարթ Խաչատրյան