«Մեզ թուղթը պետք չէ, մեզ գործն է պետք». Դավիթ Խաժակյանը՝ Դավիթաշենի թաղապետին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստին ասաց, որ իրեն են դիմել Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի մի շարք բնակիչներ և թիվ 200 դպրոցի աշակերտների ծնողները, որոնք ստորագրահավաք են անցկացրել և ներկայացրել վարչական շրջանի ղեկավարին՝ պահանջելով հ. 61 մանկապարտեզի և ավտոտնակների միջև եղած ճանապարհահատվածին ձևավորել որոշակի մայթեզր։
«Բնակիչներն ինձ տեղեկացրեցին, որ այս խնդրով դիմել են պարոն Թումասյանին, քանի որ հստակ չէ, թե ինչ արձագանք կա, ուստի այսօր հարցս կապված է այդ խնդրի հետ։ Խոսքը վերաբերում է մի հատվածի, որտեղով պարբերաբար անցնում են երեխաները, և մայթ գոյություն չունի»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Արձագանքելով` Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանն ասաց, որ հարցը չի ուսումնասիրել, հանձնարարել է, որ ուսումնասիրի իր տեղակալը:
«Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, եթե քանդման անրաժեշտ ավտոտնակներ չլինեն, ապա մայթն անպայման կկառուցվի»,- ասաց Միքայել Թումասյանը։
Ի պատասխան՝ Դավիթ Խաժակյանը նշեց. «Պարոն Թումասյան, մի հայտնի հումոր կա՝ մեզ թուղթը պետք չէ, մեզ գործն է պետք։ Խնդրում եմ՝ կոնկրետ այդ հատվածում մայթի կառուցմանը տրամադրել առաջնահերթություն, քանի որ խոսքն աշակերտների անվտանգությանն է վերաբերում»։
Միքայել Թումասյանն էլ վստահեցրեց, որ ամենակարճ ժամանակահատվածում հարցը կլուծեն։
Զվարթ Խաչատրյան