«Տեղի ունեցածը բոլորիս շոկի մեջ է գցել». Վահան Բաբայանը՝ կուսակից ընկերոջ դանակահարության մասին

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հունիսի 25-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Ավելի ուշ՝ «Արմենպրեսի» հետ զրույցում Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասել էր.

«Անձը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահան Բաբայանն ասաց, որ քաղաքական շոուներ սարքելու ցանկություն չունեն:

«Մեր խնդիրն է, որ Երևանում որևէ քաղաքացի օրը ցերեկով  չկարողանա հանիրավի նման վտանգի առջև կանգնել մեր կուսակից, ընկեր Արմեն Ամիրջանյանի նման: Առանց պատճառի՝ մոտենում են մարդուն, հայհոյում, ու երբ Արմենն ուզում է կարգի հրավիրել տվյալ անձնավորությանը, մեքենայից դանակը հանում են ու հարվածում: Ես ու մեր ընկերներն այսօր գնահատական չենք կարող տալ, թե ինչ ենք մտածում ու կարծում, դրանով թող զբաղվի ոստիկանությունը: Նախ պետք է պարզել, թե ո՞վ է տվյալ մարդը, ի՞նչ կապեր ունի այլ քաղաքական ուժերի հետ,  այդ ո՞վ է, որ հանիրավի կարող է մարդուն դանակահարել Երևանի կենտրոնում՝ օրը ցերեկով, և ինչի՞ է վերածվել մեր քաղաքը, երբ իշխանությունները ռեյդեր են անում, գովերգում են, որ հասարակական անվտանգությունը պետք է առաջնային տեղում լինի,  ստացվում է,  որ իրենց կատարած քայլերից հետո քաղաքում նման դեպքեր  հնարավոր է տեղի ունենան:

Դեպքն ուղղակի աբսուրդ է, որովհետև չի եղել անձնական խնդիր, վիճաբանություն:  Արմեն Ամիրջանյանն էլ համեստ անձնավորություն է, երբևէ նման բաների մեջ չէր կարող ընկնել, բայց տեղի ունեցածը բոլորիս շոկի մեջ է գցել: Ցավում եմ կատարվածի համար և ՀՀ ոստիկանապետից պահանջում եմ անհապաղ տվյալ մարդուն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել»,- ասաց Վահան Բաբայանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս