Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական է սպանվել
Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական է սպանվել: Այդ մասին հայտնել է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով այդ երկրում ԱՄՆ-ի հրամանատարությանը: «Հակիրճ հայտարարության մեջ, որում տեղի ունեցածի մանրամասնություններ չեն բերվում, ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ զինվորներն սպանվել են այսօր»,- ասված է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի զինծառայողների զոհվելու պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը:
«Ամերիկացի երկու զավթիչներ են սպանվել Վարդակի նահանգի Սայեդաբադ գավառի ծայրամասում սարքված դարանում»,- հունիսի 26-ին Twitter-ում հայտնել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մոջահեդը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւս մի քանի զինվորներ անցած երկուշաբթի երեկոյան սպանվել ու վիրավորվել են Հոսթի նահանգի Լագարհո Սաբարիի շրջանում: Աֆղանստանում ամերիկացի զինվորականների զոհվելու վերաբերյալ հաղորդագրությունները հայտնվել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Քաբուլ չհայտարարված այցի ֆոնին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Փոմպեոն հունիսի 25-ին կարճատեւ այցով ժամանել է Աֆղանստան, նա երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ քննարկել է խաղաղության հաստատման ուղիները:
«Եկել է խաղաղության հաստատման ժամանակը»,- ասել է Փոմպեոն Քաբուլում: Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է թալիբների հետ հաշտության համաձայնագիր կնքել մինչեւ սեպտեմբերի 1-ը: ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում են գտնվում արդեն 18 տարի: Դրանք այդ երկիր են մտցվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհներից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: