Բաժիններ՝

Երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրեն և ընկերոջն ապօրինի զրկել են ազատությունից, որից հետո առևանգել են իր «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, հափշտակել ավտոմեքենայի սրահում գտնված, ուրիշին պատկանող փաստաթղթերը՝ անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագրը, ինչպես նաև՝ «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որը նույն օրը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Երեք անձ ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, 2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, այլ անձի անվամբ ներկայանալով, շահադիտական նպատակով անձին ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «Մերսեդես-բենց 500» մակնիշի ավտոմեքենան 14.000 ԱՄՆ դոլար գումարով գնելու և ավտոմեքենայի գումարը բնակարանում վճարելու պատրվակով Սևան քաղաքի երկու բնակիչների՝ ծնված 1995 և 1994թթ., ուղեկցել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցում գտնվող բնակարան, որը վարձակալել էր՝ նախապես պլանավորած հանցագործությունը կատարելու նպատակով:

Այնուհետև, ավտոմեքենայի գումարն ընկերոջից շենքի բակում վերցնելու և վերադառնալու պատրվակով դուրս է եկել բնակարանից, բանալիով փակել բնակարանի մուտքի դուռը՝ վերջիններիս ապօրինի զրկելով ազատությունից, և հափշտակել նույն շենքի բակում կայանված նշված ավտոմեքենան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սրահում գտնված տուժողներից մեկի անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հափշտակված «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է՝ մասնատված և հաշվառման համարանիշերը փոխված վիճակում՝ Երևան քաղաքում գործող ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող կետում, որի զննությամբ, ի թիվս նշված և այլ մասնատված ավտոմեքենաների, հայտնաբերվել են նաև ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հափշտակության վերաբերյալ քննվող քրեական գործով որոնվող «Մերսեդես-բենց S 550» մակնիշի և ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից որոնվող «Մերսեդես-բենց S 350» մակնիշի երկու այլ ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված կետի աշխատակիցը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1983 թվականին,2019թ. հունիսի 20-ին 6000 ԱՄՆ դոլար գումարով ենթադրյալ հանցագործություն կատարած 29-ամյա երիտասարդից ձեռք է բերել նաև երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործով տուժողներից մեկին պատկանող վերոհիշյալ «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, սակայն չի հասցրել ապամոնտաժել, քանի որ ավտոմեքենան հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019թ. մայիս-հունիս ամսիներին ապամոնտաժելու և պահեստամասերը վաճառելու նպատակով ապամոնտաժմամբ և ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող նշված կետի աշխատակցի կողմից ևս հինգ հատ «Մերսեդես-բենց S» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերվել, որոնք նա նույն կերպ ապամոնտաժել և պահեստամասերի զգալի մասը վաճառել է:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Երևան քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված տղամարդը, բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության  դեպքերին հնարավոր այլ անձանց մասնակից լինելու հանգամանքներն ստուգելու, նրանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, վերջիններիս ինքնությունը պարզելու, ինչպես նաև՝ հափշտակված այլ ավտոմեքենաներն ու վաճառված պահեստամասերը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս