Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում. Էրդողանն ամեն գնով կփորձի վերադարձնել իշխանությունը քաղաքում
Ստամբուլի բնակիչները հունիսի 23-ին կրկին շտապում են ընտրատեղամասեր՝ որոշելու նոր քաղաքապետին։
Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները տեղի էին ունեցել դեռևս մարտի 31-ին, սակայն այդ ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն՝ Բինալի Յըլդըրըմը ձայների քիչ քանակությամբ պարտվել էր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսկացության թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին։ Վերջինս ընտրություններում հավաքել էր 48, 77 տոկոս ձայն, իսկ Յըլդըրըմը՝ 48, 61 տոկոս։ Քեմալական կուսակցության թեկնածուն 13 հազար 729 ձայնով առաջ էր անցել իշխող կուսակցության թեկնածուից։
Էրդողանի ղեկավարած կուսակցությունը, որը չէր կարող թույլ տալ կորցնել իշխանությունը երկրի կարևորագույն քաղաքում՝ Ստամբուլում, բողոքարկել էր ընտրության արդյունքները։ Արդյունքում Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը չեղարկել էր մարտի 31-ի քվեարկության արդյունքներն ու հունիսի 23-ին նշանակել նոր ընտրություն։
Ստամբուլի քաղաքապետի ընտրության ֆավորիտները կրկին Իմամօղլուն և Յըլդըրըմն են։ Թեկնածություն են առաջադրել նաև «Երջանկություն», «Հայրենիք» կուսակցությունները, ինչպես նաև 17 անկած թեկնածուներ։
Ակնկալվում է, որ Էրդողանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժն ամեն բան պետք է անի այս ընտրություններում հաղթանակ տոնելու համար, չեն բացառվում զանգվածային զեղծարարությունները։ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը կորցնելը լուրջ վտանգներ կարող է առաջացնել Թուրքիայի նախագահի և «Արդարություն և զարգացում» կուսակցության հետագայում էլ քաղաքական մենիշխանությունը պահպանելու տեսանկյունից։