«Տավուշը գյուղատնտեսական մարզ է դեռևս, սակայն վերջին հինգ տարիների ընթացքում ծառայությունների ոլորտը կրկնակի աճել է». Էկոնոմիկայի փոխնախարար
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ բիզնես ստեղծելու, արարելու և այլ մարդկանց օգուտ տալու համար անհրաժեշտ է գաղափար և ֆիզիկական հնարավորություն։ Ըստ այդմ, հնարավորությունների ու բիզնես գաղափարների համար Կառավարությունը պետք է երկու բան անի՝ ապահովի, գիտելիք և տվյալների հասանելիություն։
«Չպետք է լինի որևէ խտրական վերաբերմունք որևէ բիզնեսի հանդեպ, քանի որ սա մեր երկրի օգուտն է միջազգային բիզնեսին։ Միայն այսպես երկիրը կարող է լինել ուժեղ և ապահովել իր քաղաքացիների բարեկեցությունը։ Մենք հնարավորինս աջակցելու ենք այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք արտահանում են և ստեղծում են բարիք միջազգային տնտեսական հարթակում։ Այս առումով պետք է ապահովված լինեն ենթակառուցվածքները»,- այսօր Դիլիջանում ընթացող «Իմ քայլը հանուն Տավուշի» տնտեսական ֆորումի ժամանակ նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը։
Ֆորումին ներկա ռուսաստանցի գործարարներից մեկը հարց ուղղեց փոխնախարարին՝ նշելով, որ կցանկանար հասկանալ, թե, օրինակ՝ Հայաստանում ներդրումային ոլորտի դինամիկան ինչպիսի՞ն է, որքա՞ն ներդրումներ են կատարվում, ինչո՞ւ պետք է ներդրումներ կատարվեն հենց Հայաստանում, և այլն։
Պատասխանելով հարցին՝ Ավագ Ավանեսյանը նշեց, որ, օրինակ՝ Տավուշը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ բիզնեսների կոնցենտրացիան բավականին բարձր է, այն 4-րդ մարզն է 1000 հոգու բաժին ընկնող բիզնեսների կոնցենտրացիաների տեսանկյունից։
«Տավուշը գյուղատնտեսական մարզ է դեռևս, սակայն վերջին հինգ տարիների ընթացքում ծառայությունների ոլորտն աճել է կրկնակի՝ հասնելով 15 մլրդ դրամի, արդյունաբերությունը նույնպես 16 մլրդ-ի է հասնում։
Այսինքն՝ այս տարի մարզն աստիճանաբար տրանսֆորմացվում է ծառայություն մատուցող մարզի։ Աշխատանքային տարիքի բնակչությունը մոտավորապես 60 հազար է, ընդ որում, այստեղ գործազուրկների թիվը բարձր չէ։ Ներկայում տնտեսական աճի դինամիկան դրական է, ակնկալում ենք, որ տնտեսական աճն առնվազն 5 տոկոսից բարձր է լինելու, գնաճը կայուն է»,- ասաց Ավագ Ավանեսյանը։
Նա նաև նշեց, որպեսզի քայլ առ քայլ բոլորը ներկայացնի, անհրաժեշտ է, որպեսզի գործարարն իրեն հուզող բոլոր թվերը ներկայացնի, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտան երկու օրվա ընթացքում։
Զվարթ Խաչատրյան