«Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունների հետ կապված՝ հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին ու պահանջել քրեական գործ հարուցել». Հայկ Ալումյան

«Այն բանից հետո, երբ 2018թ. օգոստոսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, և այդ ճնշումները նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, ով, պատկերավոր ասենք, համարձակվեց պարոն Քոչարյանին ազատ արձակել, ըստ էության ուղղակի կիրառեց օրենքը, այն, ինչ պարտավոր էր անել, այլ նաև ահաբեկել այն դատավորներին, ովքեր ապագայում պետք է քննեն այդ գործը։ Այսինքն՝ ցանկացած դատավոր այսուհետ, ով գործ կունենա այդ քրեական գործի հետ, արդեն հասկանում է՝ ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանությանը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Վերջինս նշեց, որ իր արտասահմանյան կոլեգաների հետ ամենօրյա շփումներում մասնագիտական տարբեր հարցեր ու մոտեցումներ են քննարկում, բայց ինքը երբևէ չի լսել, որ որևէ երկրում, անգամ մեր կողմից ամենահետամնաց ճանաչվածներում նման վերաբերմունք լինի դատարանների նկատմամբ, իսկ մենք մեր երկրում տեսանք այն բիրտ, վայրագ ճնշումները դատարանների նկատմամբ, որը պարզապես չպետք է տեսնեինք։

«Եվ հիմա, կարծում եմ, բոլորիս համար հասկանալի է՝ ինչ վիճակում է գտնվում վերաքննիչ դատարանի այն դատավորը, ով պետք է քննի դատախազների ու տուժող կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ նույնն է սպասվում նաև Սահմանադրական դատարանում գործի քննության հետ կապված։

«Դուք տեսաք, էթե հունիսի 5-ին ինչ տեղի ունեցավ։ Մի խումբ անձինք, ակնհայտորեն իշխանությունների կողմից հովանավորվող, նախ միտինգ արեցին ՍԴ-ի դիմաց, ինչի իրավունքը չունեին, ապա, երբ դուրս եկավ դատավորներից մեկը՝ տիկին Գյուլումյանը, դուք տեսաք, թե ինչ ձևով նրան վիրավորեցին, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրին, քաշքշուկ տեղի ունեցավ նրա հետ, և պարզ է, որ սա արվում է, որովհետև ՍԴ-ն պետք է երկու օր հետո որոշում կայացներ Ռոբերտ Քոչարյանի գործով»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ դրանից մի քանի օր անց, ակնհայտորեն ենթարկվելով այդ ճնշմանը, ՍԴ-ն աննախադեպ որոշում կայացրեց՝ գործի քննությունը հետաձգել մեկ ամսով։

Ըստ բանախոսի՝ այն, որ իրավապահ մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, խոսում է այն մասին, որ դրանք նախապես պլանավորված գործողություններ են, և այդ իրադարձությունների, ինչպես նաև դրանից հետո՝ հունիսի 11-ին, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցում հնչած որոշ հայտարարությունների վերաբերյալ ինքն արդեն իսկ Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ու պահանջել հարուցել քրեական գործ։

«Պարոն Ջհանգիրյանն իր հարցազրույցի մեջ, շատ ուրիշ հարցերի անդրադառնալով հանդերձ, վերջում, երբ հարց հնչեց Ընդհանուր իրավասության դատարանի՝ ՍԴ դիմելու հետ կապված, 3 շատ կարևոր հանգամանք նշեց, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ է ոչ թե Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, այլ ինքը մատնանշել է հանգամանքներ, որոնք հավանաբար վկայում են (դա քննությունը կպարզի) դատարանների նկատմամբ ճնշումների մասին»,- հայտարարեց Հայլ Ալումյանը։

Խոսքը նախկին զինդատախազի այն հայտարարությանն է վերաբերում մասնավորապես, որ ՍԴ-ն դատարաններին հնարավորություն է տալիս, որ իրենք իրենց սխալն ուղղեն՝ ըստ երևույթին նկատի ունենալով Ընդհանուր իրավասության և Վերաքննիչ դատարաններին, այսինքն՝ որպեսզի Վերաքննիչը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Եթե դա իրոք այդպես է, նշանակում է՝ խոսքն այստեղ նախապես որոշված, պլանավորված դատական ակտերի մասին է։ Ըստ պարոն Ջհանգիրյանի՝ պլանավորված է, որ ՍԴ-ն պետք է ձգձգի գործի քննությունը, այդ ընթացքում Վերաքննիչը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը»,- մեկնաբանեց Հայկ Ալումյանը։

Երկրորդ հայտարարությունն այն էր, կարծում է փաստաբանը, որ Գ. Ջհանգիրյանն ասաց, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը չի քննելու։

«Սա ի՞նչ է նշանակում… Նշանակում է, որ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու ՍԴ-ն։ Ու նաև ասաց՝ ես չակերտները չեմ բացի։ Հետո ասաց, որ ՍԴ-ն համենայն դեպս այս կազմով գործը չի քննելու, հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու… Սրանք շատ հեռուն գնացող հայտարարություններ էին, և այստեղ կա մի բան, որ առնվազն երկու դատական ատյանների անելիքները հայտնի են Գ. Ջհանգիրյանին, ինչը չպետք է այդպես լիներ»,- նշեց Հայկ Ալումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս