Բաժիններ՝

Թրամփը ժողովրդականության ցուցանիշով ընտրություններում զիջում է հինգ հնարավոր մրցակիցներին. հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում: Այդ մասին վկայում են հարցման՝ հունիսի 16-ին հրապարակված արդյունքները, որը Fox News հեռուստաալիքն անցկացրել է հունիսի 9-ից մինչեւ 12-ը ներառյալ:

Այդ գնահատումների համաձայն, ներկայում դեմոկրատներից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հավակնորդ քաղաքական գործիչների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների թվից հարցման մասնակիցների 32 տոկոսը հայտարարել է, որ նախնական ընտրություններում իրենց ձայնը կտային նրան: Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին, որը Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել է 2016 թվականին դեմոկրատներից թեկնածու առաջադրվելու համար, կպաշտպանի հարցվածների 13 տոկոսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենին՝ 9 տոկոսը, Սաունթ-Բենթ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջին եւ Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսին՝ 8-ական տոկոսը:

Հարցման արդյունքներով՝ եթե ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանային այժմ, Թրամփը տանուլ կտար նշված հինգ քաղաքական գործիչներից յուրաքանչյուրին: Եթե դեմոկրատներից թեկնածու առաջադրվեր Բայդենը, նա կստանար ընտրողների ձայների 49 տոկոսը, իսկ Թրամփը՝ 39 տոկոսը: Սանդերսը Թրամփին կհաղթեր՝ հավաքելով ձայների 49 տոկոսը, հանրապետականի արդյունքը կկազմեր 40 տոկոս: Ուորենը Թրամփը նկատմամբ հաղթանակ կտաներ ձայների 43 տոկոս եւ 41 տոկոս հարաբերակցությամբ:

Հարիսի եւ Բութեջաջի արդյունքները կկազմեին համապատասխանաբար 42 տոկոս-41 տոկոս եւ 41 տոկոս-40 տոկոս: Հարցումն անցկացվել է ամբողջ երկրում 1000 քաղաքացիների շրջանում: Նրանց հարցերը տրվել են հեռախոսով: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս