Բաժիններ՝

Թուրք պատգամավորը՝ Թուրքիայի փոխնախագահին. «Ձերբակալվե՞լ են հայաստանցի կնոջ վրա հարձակվածները»

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն մի քանի հարցադրում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային՝ Ստամբուլում Արփինե անունով հայաստանցի կնոջ վրա կատարած հարձակման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն էր սկսվել։

Ընդդիմադիր պատգամավորը, ընդգծելով, որ այդ հարձակման հետևանքով հայ ընտանիքը մտադիր է վերադառնալ Հայաստան, Օքթային հղել է հետևյալ հարցերը.

1. Արդյո՞ք Արփինե Թումանյանի վրա կատարված հարձակման մեղավորները ձերբակալված են, ի՞նչ տեսակ միջոցներ են ձեռնարկվել։ Հարձակումն իրականացրածների առնչությամբ ինչպիսի ապացույցներ են ի հայտ եկել:

2.  Եթե հարձակումը կատարած անձինք դեռ չեն ձերբակալվել, ապա ո՞րն է պատճառը։

3.  Սամաթիայում որևէ հետաքննություն իրականացվո՞ւմ է հայ քաղաքացիների տների վրա արված գրանշումների կապակցությամբ։

4. Վերջին 3 տարում քանի՞ մարդ է բերման ենթարկվել հայ քաղաքացիների, կամ նրանց տների վրա կատարված հարձակումների համար: Եթե կան այդպիսիք, ապա ինչպիսի՞ պատժատեսակ ու պատժաչափ է սահմանվել։

5. Արդյո՞ք Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրականացնում է որևէ աշխատանք հայերի դեմ պարբերաբար իրականացվող հարձակումները և սպառնալիքները կանխարգելելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս