Բաժիններ՝

Ջոնսոնի խոստացած հոկտեմբերի 31-ի Brexit-ն անիրագործելի է. ֆիննախարար Համոնդ

Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը խոստացել է թորիների առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը, անիրագործելի խնդիր է: Այդ մասին, ինչպես հունիսի 12-ի երեկոյան հայտնել է The Times թերթը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդն ի պատասխան թագավորության արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարի ծրագրային ճառի հիմնական թեզիսների։

«Ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի, իրապես ենթադրում եմ, որ անհնարին է դա անել հոկտեմբերի 31-ին: Եվ ես չեմ կարծում, թե մեր ազգային շահերին կհամապատասխանի ամբողջ արագությամբ շարժումը դեպի անդունդի եզրը»,- նշել է Թերեզա Մեյի կաբինետում կարեւորությամբ երկրորդ պաշտոնյան՝ պարզորոշ հասկանալ տալով իր վերաբերմունքը հապշտապ եւ չնախապատրաստված Brexit-ի գաղափարի նկատմամբ:

Բացի դրանից, Համոնդը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկա գումարման Համայնքների պալատում պատգամավորների մեծամասնությունն առանց կողմերի «ապահարզանի» պայմանների շուրջը գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդներ են:

Հունիսի 12-ին ծրագրային ճառով ունեցած ելույթի ժամանակ Ջոնսոնն ընդգծել է, որ առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալն իր նախապատվելի տարբերակը չէ, սակայն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացմանն անհրաժեշտ է նախապատրաստվել: Նրա խոսքով՝ Brexit-ի հերթական ձգձգումը հուսալքության եւ անելանելիության մթնոլորտ կստեղծի երկրում եւ թորիների համար պարտության կվերածվի ընդհանուր ընտրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս