Վլադիվոստոկի Մ.Գորկու անվան ակադեմիական թատրոնը Հայաստանում հանդես է գալու չորս ներկայացմամբ
Վլադիվոստոկի Մ.Գորկու անվան ակադեմիական 85-ամյա թատրոնը Հայաստանի հանդիսատեսին է ներկայացնելու թատրոնի լավագույն «Ընկեր», «Էդիթը և նրա դևերը», «Սերգեյ Եսենին. խոստովանություն» և «Տասներկու աթոռ» ներկայացումները:
Բեմադրությունները թատերասերները կարող են դիտել հունիսի 14-15-16-17-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
«Ընկեր» ներկայացման սյուժեն պատմելը բավականին բարդ է: Այն շատ հետաքրքիր է ու, կարծում եմ, անհրաժեշտ է դիտել: Հաճախ լսում են վերնագիրն ու մտածում, թե ինչ պետք է լինի որ: Եթե ծանոթանաք ներկայացմանը, կտեսնեք բովանդակության խորությունը»,- հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Եֆիմ Զվենյացկին:
Նա հայտնեց, որ հնարավոր չէր Հայաստան բերել բազմաթիվ դեկորացիաներ, ներկայացումների համար անհրաժեշտ տարբեր պարագաներ ու շեշտեց, որ կարևորում է արտիստի դերը յուրաքանչյուր բեմադրության մեջ ու համոզված է, որ դերասանական փայլուն խաղը կարող է ավելին անել, քան արտաքին գործոնները:
Անդրադառնալով Հայաստան այցին` Զվենյացկին շեշտեց, որ ցանկացան գալ Հայաստան, երկիր, որտեղ երբեք չէին եղել, բայց դեռ կլինեն:
«Էդիթը և նրա դևերը» ներկայացման մեջ հանրահայտ ֆրանսուհուն մարմնավորող դերասանուհի Նատալիա Օվչիննիկովան ասաց, որ Պիաֆի մասին բեմադրությունները շատ են, բայց իրենց ներկայացումը հետաքրքիր է, լի առեղծվածներով: Ներկայացման մեջ Պիաֆի հետ բեմում են մարդիկ, որոնք հեռացել են կյանքից:
Դերասանուհին նշեց, որ բեմում ինքն է կատարում Պիաֆի ստեղծագործությունները և շատ է ցանկանում աներևակայելի էներգիայով կիսվել տեղի թատերասերների հետ:
Սերգեյ Եսենինի դերակատար Վալենտին Զապորոժեցի խոսքով` չի պատրաստվում զարմացնել հանդիսատեսին: «Մենք ցանկանում ենք, որ թատերասերի և դերասանի միջև կայանա անկեղծ երկխոսություն: Չնայած Եսենինին շատ են անդրադառնում թատրոնում, և, երբ ասում ենք Եսենին, միանգամից պատկերացնում ենք դերասան Սերգեյ Բեզրուկովին, ով բազմիցս մարմնավորել է նրան, միևնույն է անհրաժեշտ է դիտել մեր ներկայացումը հասկանալու համար, թե մենք ինչպես ենք այն տեսնում, զգում»,-շեշտեց դերասանը:
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն էլ անկեղծորեն բարձրաձայնեց, որ մեծ սիրով են հյուրընկալում թատերախմբին, որը մեծ համբավ ունի Ռուսաստանի Դաշնությունում և համագործակցում է Մոսկվայի բազմաթիվ թատերախմբերի հետ` իրենց թատրոնի ստեղծագործական աշխատանքներում ներգրավելով հրավիրյալ նկարիչների, ռեժիսորների, դերասանների: