ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Չեխովի փողոցում անչափահասին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։
Հայտնում ենք, որ հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։
Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ու տուժողից հաղորդում ընդունել։
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Շենգավիթի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների արդյունքում 18-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։
Նախնական տվյալներով՝ երիտասարդները վիճել էին կենցաղային հարցերի շուրջ։