Երևանը, Շիրակն ու Արագածոտնը կանցնեն համընդհանուր ներառական կրթության
Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերը սեպտեմբեր ամսից կանցնեն համընդհանուր ներառական կրթության: Այս մասին ասյօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մենք հետզհետե տարբեր մարզերում քայլ առ քայլ անցնում ենք համընդհանուր ներառման: Անցած տարի Արմավիրի մարզում ենք անցումը կատարել: Ներառական կրթությունը մեր քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է, և այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառման»,- ասաց Հարությունյանը:
1994թ. աշխարհի 92 երկրների կառավարությունների ու 15 միջազգային կազմակերպությունների կողմից ստորագրված «Սալամանկայի հռչակագիրը» սահմանեց, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթական առանձնահատկություններ և կրթության հիմնարար իրավունք:
Համաձայն այս հռչակագրի, կրթական ծրագրերը պետք է մշակվեն և իրականացվեն՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները:
Ներառական կրթության գաղափարը Հայաստանում տեղ գտավ հռչակագրի ստորագրումից 11 տարի անց` 2005թ․, երբ ընդունվեց համապատասխան օրենքը։