«Պետք չէ, որ Արցախի ղեկավարության մասին խոսելիս՝ ՀՀ վարչապետը հրապարակավ ասեր՝ այդ մարդը և իր պարող ընկերը: Սա խոսելու ոճ չէ». Կիրո Մանոյան
«Բացի Ադրբեջանի պահվածքից՝ մտահոգիչ են Հայաստանի և Արցախի հարաբերությունները: Դրանք բավականին լարված են, և կա դրա հիմքը, որը, կարելի է ասել՝ առնվազն վերջին 20 տարիներին աննախադեպ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«20 տարի եմ ասում, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության ժամանակ եղավ պահ, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև հարաբերությունները բավականին լարված էին: Եթե նույնիսկ այսքան հրապարակային տեղի չէր ունենում, բայց կար ու դրսևորվում էր, բայց այս անգամ, կարելի է ասել, չափն անցել ենք, և դա մտահոգիչ է: Սա կարծես ՀՀ վարչապետ-Արցախի նախագահ հարցն է, պետք է իսկապես լրջանանք, փորձենք այս իրավիճակից դուրս գալ, որպեսզի թշնամիները չփորձեն սահմանին կամ շփման գծում ինչ-որ բաներ անել:
Չի բացառվում, որ ի տես այդ զարգացումների Ադրբեջանը փորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել շփման գծում: Պետք չէ, որ Արցախի Հանրապետության ղեկավարության մասին խոսելիս՝ ՀՀ վարչապետը հրապարակավ ասեր՝ այդ մարդը և իր պարող ընկերը: Սա խոսելու ոճ չէ: Կարող է՝ ճանապարհ փակելուց այդպես խոսենք, բայց Արցախի ղեկավարության մասին երբ խոսում ենք, այդպես պետք չէ»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր, մինչդեռ նախկին իշխանությունը, կամ, ինչպես Փաշինյանը ձևակերպեց, Բակո Սահակյանի «պարի ընկերը», Ղարաբաղի ղեկավարությանն անգամ հարկ չի համարել տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում։
Անի Կարապետյան