Կոնդեցիները կառավարությունից պահանջում են նոր չափագրումներ
Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչներն այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում` մասնավորապես պահանջելով իրենց տարածքների նոր ու ճշգրիտ չափագրում: Նրանք պնդում էին, որ 2004 թվականից պայքարում են խնդիրը լուծման համար:
«Չափագրումները, փաստաթղթերը խեղաթյուրված են։ Դատարաններում կան իրարամերժ վճիռներ։ Եվ քաղաքապետարանը, փոխանակ պետությունից բնակարան ստացած անձի վտարման գործընթացը կատարի, այլ հակառակը՝ հիմքեր ստեղծող փաստաթղթեր է տալիս, որ մարդը մտնի դատարան ու իմ դեմ պահանջ ներկայացնի։ 20 տարի է՝ դատարաններում եմ»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Կառավարության նամակների և դիմումների, քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ակցիայի մասնակիցներին հրավիրեց ներս՝ քննարկելու խնդիրը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կոնդի բնակիչներն ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև՝ պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։
Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում նրանց ընդունել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ով տեղեկացրել էր, որ կձևավորվի Կոնդի վերակառուցման հայեցակարգը մշակող հանձնաժողով, որի աշխատանքներում կներգրավվեն՝ ինչպես պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այնպես էլ՝ բնակիչներ: Հայեցակարգի մշակումից հետո միայն ճարտարապետները կանցնեն նախագծային փուլին:
Զարուհի Դիլանյան