«Ադրբեջանը վերադարձել է մեկ տարի առաջվա իր պահվածքին». Կիրո Մանոյան

«Ադրբեջանը վերադարձել է մեկ տարի առաջավա իր պահվածքին, և Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, փաստորեն, վերջին շաբաթներին չեն աշխատում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Պարզ չէ՝ այն ուղիղ կապը, որը ստեղծվել էր պաշտոնական Երևանի և Բաքվի միջև՝ շփման գծում զինադադարի խախտումների հետ կապված, աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում: Բայց եթե գլոբալ վերցնենք, մեր տարածաշրջանում կան տարբեր զարգացումներ, որոնք անպայման իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների վրա, կազդեն Արցախի հարցի վրա: Դա ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունն է»,- հավելեց նա:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի խոսքով՝  2007 թվականից ի վեր, երբ «Մադրիդյան սկզբունքները» հանձնվեց կողմերին, դրանից հետո բոլոր առաջարկներն էլ հիմնականում նույն բանն են ասում: Տարբեր է գուցե հերթականությունը կամ շեշտադրությունը:

«Շատ պայմանավորվածություններ կան, որոնք Ադրբեջանը չի հարգում, իսկ այժմյան քննարկումները փոխադարձ վստահությունը վերականգնելու ուղղությամբ են: Ադրբեջանը գնալով կոշտացնում է իր կեցվածքը: Կարևոր է, որ նախքան միջնորդների կողմից դրան անդրադառնալը՝ մենք հասկանանք ու ըստ այդմ շարժվենք»,- ընդգծեց նա:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է շարունակի պնդել, որ Արցախը մասնակցի բանակցություններին:

«Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի վերաբերյալ իրավական փաստաթուղթ ստորագրելն անհրաժեշտ է: Այն պետք է հստակ ամրագրի, որ բանակցություններում Հայաստանը չի կարող փոխարինել Արցախին, որ Հայաստանն ընդհանրապես հանդես է գալու՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր»,- նկատեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ակտիվությանը տարածաշրջանում,  Կիրո Մանոյանը նշեց, որ դրանք ևս մտահոգիչ են:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս