Բաժիններ՝

Հնդկաստանում նախազգուշացրել են «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու մասին

Հնդկաստանի Հուջարաթի նահանգի գլխավոր նախարար Վիջայ Ռուպանին «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու կապակցությամբ զբոսաշրջիկներին հանձնարարել է հրաժարվել երկրի արեւմուտքի մի քանի շրջաններ այցելելուց: Այդ մասին հայտնել է Business Standard տեղական թերթը:

«Ես խնդրում եմ զբոսաշրջիկներին, որոնք այցելել են Հուջարաթ եւ ուղեւորվում են Դվարկու, Սոմնաթ, Սասան եւ Կաչ, հունիսի 12-ի ցերեկը տեղափոխվել ավելի անվտանգ շրջաններ, որպեսզի չտուժեն ցիկլոնից»,-հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով մոտեցող ցիկլոնին նվիրված մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ցիկլոնի հայտնվելուց առաջ իշխանությունները մտադիր են տարհանել ափամերձ շրջանների շուրջ 300 հազար բնակիչների: Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտն, իր հերթին, տեղեկացնում է, որ «Վայյու»-ն ձեւավորվել է Արաբական ծովում եւ սրընթաց շարժվում է երկրի արեւմտյան ափ: Քամու արագությունը հասնում է ժամում 135 կիլոմետրի:

Ցիկլոնն իր հետ կբերի առատ անձրեւներ, ինչի կապակցությամբ ռազմածովային ուժերը, ինչպես նաեւ Հուջարաթի ու հարեւան նահանգների արտակարգ ծառայությունները բերվել են բարձր պատրաստության վիճակի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս