Դժվարին հաղթանակ էր. Արմեն Գյուլբուդաղյանց
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հունաստանի դեմ տոնած հաղթանակ որակավորել է դժվարին:
«Տղաները մեծ աշխատանք կատարեցին, կարգապահ գործեցին և միայն մի պահ կորցրեցին կենտրոնացվածությունը: Մեզ համար սա շատ դժվար հաղթանակ էր: Պաշտպանների մոտ մի պահ թուլացավ զգոնությունը, բայց դրա փոխարեն նրանք մի քանի դրվագում հրաշալի գործեցին»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը:
Գյուլբուդաղյանցի խոսքով` նմանատիպ խաղերում կարևորը տրամադրվածությունն է` հանդիպումը ստացված է, եթե համադրելի են ցանկությունը և տրամադրվածությունը:
«Մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին: Մենք զգում էինք նրանց աջակցությունը»,-շեշտել է նա:
Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնականը և զիջում է միայն Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերին: