Կանադայում արգելել են անազատության մեջ պահել դելֆիններին ու կետերին
Կանադայի խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել երկրի տարածքում դելֆիններին եւ կետերին անազատության մեջ պահելու արգելքի օրինագծին:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պետության գեներալ-նահանգապետ Ժյուլի Փեյեթից թագավորական վավերացում ստանալուց հետո, ինչը կարող է տեղի ունենալ արդեն ամենամոտ ժամանակներս։
S-203 համարի օրինագծի քննարկումը 2015 թվականին նախաձեռնել էր «Կանաչների կուսակցության» առաջնորդ Էլիզաբեթ Մեյը:
«Այսօր հիանալի օր է Կանադայի կենդանիների համար,- հայտարարել է նա լրագրողներին:- Կանադացիները պարզորոշ հասկանալ տվեցին, որ իրենք ցանկանում են դադարեցնել անազատության մեջ դելֆիններ եւ կետեր պահելու դաժան պրակտիկան: Ընդունելով S-203 օրինագիծը՝ մենք այնպես արեցինք, որ դա տեղի ունենա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: