Բերման են ենթարկվել բազմաթիվ օրինախախտներ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում մայրաքաղաքում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, նպատակն էր հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելը։
«Ոստիկանության ծառայողները Վալերիյ Օսիպյանից հստակ հանձնարարական ունեին՝ գործել օրինականության սահմաններում, հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից ու կարողություններից։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջեցին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով իրավախախտումներ և ապօրինություններ։ Խուլիգանության, ապօրինի թմրաշրջանառության, զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, ինչպես և հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարք դրսևորելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։
Նրանց թվում կային քաղաքացիներ, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և անհարգալից վերաբերմունք են դրսևորել ոստիկանների նկատմամբ։
Ուժեղացված ռեժիմով ծառայության կարևորագույն նպատակներից էին երթևեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների կանխումն ու խափանումը։ Չնայած ոստիկանության բազմաթիվ հորդորների՝ կան վարորդներ, որոնք իրենց վեր են դասում երթևեկության մյուս մասնակիցներից և իրենց գործողություններով անհարգալից վերաբերմունք են դրսևորում նրանց նկատմամբ՝ միտումնավոր թույլ տալով երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ։ Հայտնաբերվեց այդպիսի 74 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Նրանցից 12-ը մեքենան վարում էր ալկոհոլի ազդեցության տակ, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 2 վարորդ էլ մեքենաներով, այսպես ասած՝ դրիֆթում էին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների և բնակիչների նկատմամբ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նաև 6 մոտոցիկլ ու երկու հետախուզվող մեքենա։ Հայտնաբերվեցին նաև բարձր ձայնով երթևեկելու համար նախատեսված խլացուցիչներով 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 23, թաղանթապատված դիմապակիով՝ 15 տրանսպորտային միջոց։
ՀՀ ոստիկանությունը, հասարակական անվտանգությամբ մտահոգ, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության և երթևեկության կանոնները՝ հակառակ դեպքում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։