ՄԱԿ-ում ՀՀ-ի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի միջադեպը. ո՞ւմ էր դա պետք, որտեղի՞ց էր հարվածը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկանների միջեւ լարված միջադեպից: Ըստ տարածված տեղեկությունների, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ գրվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլիստի, իսկ անցնող վարորդներից մեկը փորձել է նրանցից հետաքրքրվել, թե ինչ է պատահել: Ոստիկանները ասել են, որ նա շարունակի ճանապարհը, սակայն վարորդը շարունակել է հարցնել, թե ինչ է պատահել: Առաջացել է վեճ, որը հանգեցրել է բախման:

Տեղի ունեցածն առայժմ ընդհանուր առմամբ հայտնի է այդ մանրամասներով: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական բացատրություն այս պահին գոնե չի ներկայացրել: Սակայն, արդեն կա աղմուկը, եւ այն որոշակի թափ արդեն հավաքել է եւ կծավալվի տեղեկատվական տիրույթում, ակնհայտորեն աշխատելով հայ-վրացական հարաբերության դեմ: Եվ դա մի բավական հատկանշական պահի, երբ Հայաստանը ՄԱԿ-ում փաստացի առաջին անգամ դեմ չի քվեարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ վրացական բանաձեւին՝ տեղահանված վրացիների վերադարձի մասին: Հայաստանն այդօրինակ բանաձեւին միշտ քվեարկել է դեմ: Դա իհարկե ունի երկու պատճառ: Մեկը բնականաբար Ռուսաստանն է, եւ գուցե գլխավորը:

Եվ այստեղ գործնականում առավել կարեւոր է շեշտադրումը հայ-վրացական հարաբերության վրա, հաշվի առնելով դրա ռազմա-քաղաքական կարեւորության, եւ այդ կարեւորության անընդհատ աճի հանգամանքը: Այդ իմաստով, հունիսի 4-ին ՄԱԿ-ում կատարած քվեարկությամբ Հայաստանը կարեւոր ժեստ է արել, եւ ոչ թե Վրաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության տրամաբանության մեջ կարեւոր ժեստ:

Միեւնույն ժամանակ, այդ ժեստը առաջին հերթին պետք է գնահատի Վրաստանը, ընդ որում իր անվտանգային միջավայրի ամբողջական գնահատման համատեքստում: Որովհետեւ այդ միջավայրում Հայաստանն ունի առանցքային դեր եւ նշանակություն: Հայկական ռեգիոնալ գործոնը, այդ թվում նաեւ ջավախքահայությունը, Թբիլիսին չպետք է դիտարկի անվտանգային ռիսկ, այլ հակառակը՝ անվտանգային կարեւոր բաղադրիչ:

Պարզապես, այստեղ հույժ կարեւոր է փոխադարձ վստահության կայուն միջավայրի ձեւավորումը, ինչը սակայն չի ստացվում ակնհայտորեն: Որոնք են պատճառները, թե Երեւանը, թե Թբիլիսին թերեւս պետք է ուսումնասիրեն խորությամբ: Սակայն աներկբա է, որ Հայաստանի աննախադեպ քվեարկությունից հետո Ախալքալաքում տեղի է ունենում եւ համացանցային տարածում ստանում մի իրադարձություն, որը ամենեւին չի բխում թե Հայաստանի, թե Վրաստանի շահից ու անվտանգությունից: Դա հարվա՞ծ է Հայաստանի քվեարկությանը: Որտեղի՞ց է հարվածը, կամ ու՞մ ձեռքով կամ մտքով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս