Փորձագետը՝  «Վերադառնանք Ղարաբաղ» ադրբեջանական սադրիչ ակցիայի մասին

Ադրբեջանական կողմը քաղհասարակության միջոցով անցնում է սադրանքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանից ակտիվիստները նախատեսում են վաղը՝ հունիսի 8-ին, քաղաքացիական անձանցով քայլերթով անցնել սահմանը և հասնել Հորադիզ քաղաք… Սա հղի է վտանգավոր և անկանխատեսելի դեպքերի զարգացումներով»,- գրել էր նա։

168.am-ի հետ զրույցում փորձագետը տեղեկացրեց, որ քայլերթի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերում, որտեղ այն տարածվում է, և փորձում են համակիրներ հավաքել.

«Սկսել են քայլել հունիսի 5-ից Բաքվից, նախատեսում են հունիսի 8-ին, ժամը 4-ին լինել սահմանի մոտ, որտեղից կարող են անցնել Հորադիզ։ Նախաձեռնությունը կոչվում է «Վերադառնանք Ղարաբաղ»»։

Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև հնարավոր վտանգներին՝ ասելով. «Եթե իրենք նախորդ անգամվա պես ձեռքերը վեր պարզած փորձեն սահմանն անցնել, ընդ որում՝ սահմանն ականապատ է, ինչպիսի իրավիճակում ենք հայտնվելու։ Մենք, ուզած թե չուզած, մեր կողմից պետք է կրակ արձակենք, իրենք անզեն են, իրենք անցնելու են ակնապատ տարածքներով…։ Լուրջ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու մեր դեպքում»։

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 1-ին Բարդա-Ակնա ավտոմայրուղու տարածքում ադրբեջանցիները սադրիչ ակցիա էին կազմակերպել: 66-ամյա Ահմադովը, ով ներկայանում է՝ իբրև «Արցախյան պատերազմի վետերան» և «փախստական», կոչ է արել սեպտեմբերի 1-ին արցախաադրբեջանական սահմանին երթ կազմակերպել, իսկ հետո՝ վեր պարզած ձեռքերով ու սպիտակ դրոշներով, անցնել սահմանը և «հաստատվել իրենց տներում»: Այն կանխվել էր Ադրբեջանի ոստիկանների կողմից։

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս