Բաժիններ՝

«Մեծ ընտանիքը դա «տառապանք» է, չի կարող լինել անպատասխանատու վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ». Տեր Շահե քահանա Հայրապետյան

Ընտանիք, որտեղ ծնվել եմ

-Ծնողներս բազմանդամ ընտանիքների զավակներ են: Հայրիկիս կողմը 7 երեխա էին, մայրիկիս կողմը՝ 10: Հետաքրքիր է, որ այդ բազմանդամ ֆոնի վրա մենք երեք երեխա ենք, ես ամենափոքրն եմ: Հետագայում, երբ ես ընտանիք կազմեցի, կարծես շարունակեցի շատ երեխաներ ունենալու նախնիներիս քայլը և այժմ ունեմ 5 զավակ:

Ապուպապերս եղել են քահանաներ: 1938 թվականը ճակատագրական եղավ նրանց համար, որովհետև նրանց մահվան դատապարտեցին, և, ցավոք, քահանայությունը ընդհատվեց մինչև 1995 թվականը, երբ Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծվեցի քահանա:

Ես ավարտել եմ գեղարվեստա-թատերական ինստիտուտը, ստացել դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտացում, աշխատել եմ թատրոնում: Շատ տարբեր են իմ մասնագիտությունը և այսօրվա իմ ծառայությունը, բայց այս ամենի համար պետք է շնորհակալ լինեմ մայրիկիս հորը՝ Խաչատուր պապիս, ով ուներ շատ հարուստ հոգևոր գրականություն, որը կարելի էր եզակի համարել: Պապս դրանք Մուշից էր իր հետ բերել: Երբ գնում էի ամառային արձակուրդներս գյուղում անցկացնելու, պապիկիս հետ հոգևոր գրականությունը դուրս էինք բերում արևին տալու և այդ ժամանակ նա սկսում էր երգել ժամերգությունից և պատարագից հատվածներ, մի բառով ասած՝ նա սերմնացանություն էր անում:

Մանկությանս հիշողություններում դեռևս թարմ է, երբ պապիկս Պատարագից մի հատված էր երգում, ես միշտ իրեն հարցնում էի. «Պապի՛կ, դու ո՛չ երգում ես երկմալյան պատարագ, ո՛չ էլ կոմիտասյան պատարագ: Այդ ի՞նչ պատարագ ես երգում»: Հետագայում, երբ Միհրան Ղազիրյանի խնդրանքով հնդկահայ Պատարագամատույցը պատճենելու նպատակով դուրս բերեցի Մատենադարանից և առիթ ունեցա ծանոթանալու դրա բովանդակությանը, հասկացա, որ առաջին անգամ այն լսել եմ պապիս շուրթերից. հավանաբար նա դեռ Մուշում էր երգել այդ երգերը:

Երբ մարդը բարոյական է, նա միաժամանակ խիզախ է

-Իմ ընտանիքը ծայրահեղ բարոյական ընտանիք է, կան բարքեր, որոնք չի ներվում և չի կարող իմ ընտանիք մտնել: Ընտանիքում ամեն մեկը իր դերում պետք է լինի, տղամարդը` աշխատող և ստեղծող, իսկ կինը որպես ընտանիքի մայր իր բարոյական և առաքինի կերպարի օրինակով դաստիարակի երեխաներին: Երբ խոսում եմ իմ ընտանիքի մասին, չեմ կարող չնշել, որ մենք շատ, երբեմն ծայրաստիճան հյուրասեր ենք:

Երբ մարդ բարոյական է, նա միաժամանակ խիզախ է, որովհետև թույլ մարդը չի կարող բարոյական լինել, նա շատ հեշտությամբ կտրվի մոլորություններին: Աստվածային խոսքի նկատմամբ իմաստուն վերաբերմունք ցուցաբերելը հատուկ է միայն ուժեղ և բարոյական մարդկանց: Ես կարծում եմ, եթե այդ պակասը լրացնի մեր ազգը, մենք Արևմտյան Հայաստանն էլ հետ կբերենք, մեր վանքերն էլ հետ կբերենք և կվերականգնենք: Մեր բարոյական նկարագրի միակ պայմանն է՝ վերադարձ առ Աստված: Մենք մեր արտաքին, մարմնական, հոգևոր, մտածական աշխարհը պետք է նմանեցնենք Աստծուն, Ում ձեռքով մենք ստեղծվեցինք, շնչով շունչ ստացանք:

Լինում էին դեպքեր, որ ես չէի հավանում, լինում էին դեպքեր՝ ինձ չէին հավանում

-Ընտանիք կազմելու իմ որոշումը այնպես չէր, որ անսպասելի էր տանս անդամների համար, որովհետև արդեն ավարտել էի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Թատրոնում աշխատելուց հետո ինձ համար ճանապարհ բացվեց դեպի Մատենադարան: Արվեստը՝ իր բոլոր ճյուղերով, իմ մեջ է: 27 տարեկան էի, երբ որոշեցի ամուսնանալ: Մի օր ծնողներիս ասացի. «Եթե չեք ցանկանում ձեր գլխին դժբախտություն բերեմ, դուք ձեր սրտով գնացե՛ք և աղջիկ ընտրե՛ք ինձ համար»: Իրականում, հեշտ չէր գտնել այն աղջկան, ով իմ սրտով կլիներ, լինում էին դեպքեր, որ ես չէի հավանում, լինում էին դեպքեր, որ ինձ չէին հավանում (ժպտում է): Վերջապես երկար որոնումներից հետո ես գտա այն աղջկան, ում հետ ինձ շատ լավ ու երջանիկ եմ զգում:

Հայ կինը գենի պաշտպանողն է

-Գիտեք, առաջին հայացքից ինձ շատ դուր եկավ ապագա կնոջս բնավորության կայունությունը և ամրությունը: Չնայած, որ դեռևս դեռատի էր, բայց իր մտածելակերպով շատ հասուն ու գիտակցող աղջիկ էր: Նրա մեջ բացարձակ չկար կանացի կեղծ սեթևեթանք: Ես շատ ուրախ եմ, որ իմ կողքին հենց նա է, որովհետև համապատասխանում է մեր տանը արդեն հաստատված բարոյական նկարագրին, կանոններին: Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ գիտակցում եմ, որ իմ թիկունքը շատ ամուր է, եթե անգամ բացակայում եմ տանից, գիտեմ, որ նա կա ու ամեն ինչ ապահով ձեռքերում է: Մենք՝ տղամարդիկս, կարծում ենք, թե մեծ ազդեցություն ունենք երեխաների վրա, բայց փաստացի կինն է երեխաներով ավելի շատ զբաղվողը և նրանց դաստիարակողը: Հայ կինը գենի պաշտպանողն է:

Զավակներս

Զավակներիս մասին խոսելը ինձ համար մեծ հպարտություն է: Հինգ զավակ ունեմ, մեծ աղջիկս՝ Հասմիկը, մասնագիտությամբ բժշկուհի է: Ստացվեց այնպես, որ հիմա Հայաստանում չի բնակվում: Իհարկե ինձ համար նրանից և թոռնիկներիցս հեռու գտնվելը շատ դժվար է, բայց փորձում եմ համակերպվել այդ մտքի հետ: Մյուս զավակս՝ Առաքելը, աստվածաբան է, որոշ չափով կարող ենք ասել, որ շարունակում է իմ ճանապարհը: Սոֆիան՝ մյուս աղջիկս, դիզայներ է, նա ևս գտել է իր համար շատ սիրելի աշխատանք: Տիգրանը ոստիկանական համակարգում է աշխատում, շատ բարդ և պատասխանատու ընտրություն է կատարել, բայց ես հարգում եմ նրա որոշումը: Եվ վերջապես ամենափոքր աղջիկս՝ Աշխենը, ապագա դիվանագետ է:

Նրանք, ովքեր հավիտենականության մեջ են, արժանի են հարգանքի և պատվի

Եթե գիրք գրելիս լինեի, կգնայի Մշո Բերդակ՝ վայր, որտեղ նախնիներս են ապրել, կգրեի նրանց պատմությունը: Ես նրանց չեմ տեսել, բայց կխոնարհվեի նրանց հիշատակի առջև: Նրանք, ովքեր հավիտենականության մեջ են, արժանի են պատվի ու հարգանքի:

Առանց Աստծո օգնության, մենք ոչին չենք կարողանա հաղթահարել

Մեծ ընտանիքը դա «տառապանք» է, չի կարող լինել անպատասխանատու վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ: Դա նշանակում է՝ հագնել քո լուծը և վարել քո անդաստանը: Այս կյանքում այնքան գայթակղություններ կան, մարդուց մեծ ջանքեր են պահանջվում այդ ամենից հեռու մնալու համար. առանց Աստծո օգնության մենք չենք կարողանա հաղթահարել այդ բոլոր մարտահրավերները:

Պատահական չէ, որ մեր Վեհափառ Տերը 2019թ. հայտարարեց ընտանիքի տարի: Դրսի ուժերը գալիս են քանդելու մեր ընտանիքները, մեր բարոյական կերպարը, մեր եկեղեցին, մեր մշակույթը, որը ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից: Երբ ընտանիքը ամուր է, ամուր է նաև պետությունը, երբ ընտանիքը ամուր է, նա ձգտում է դեպի Աստված՝ դեպի կատարելություն:

Զրուցեց՝ Մարիետտա Խաչատրյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս