Հարավկորեացիների ավելի քան կեսը հարկավոր չի համարել ԿԺԴՀ-ի հետ միավորվելը
Հարավկորեացիների կեսից ավելին իր տնտեսական շահերն ավելի կարեւոր է համարում, քան Կորեաների միավորվելը: Այդ մասին վկայում են այն հետազոտության արդյունքները, որը Կորեայի առողջապահության եւ սոցիալական խնդիրների ինստիտուտի կողմից անցկացվել է 3,9 հազար քաղաքացիների շրջանում: Այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը:
Հարցման մասնակիցների գրեթե 56 տոկոսը հայտարարել է ներկայում ԿԺԴՀ-ի հետ միասնական պետություն ստեղծելու անհրաժեշտության բացակայության մասին: Հարցվածների եւս 16 տոկոսն այն կարծիքին է, որ Հարավի եւ Հյուսիսի միավորվելն սկզբունքորեն հարկավոր չէ:
Հարցման մասնակիցների միայն 17 տոկոսն է միավորումը համարել անհրաժեշտություն եւ պատրաստակամություն հայտնել հանուն դրա գնալ սեփական եկամուտների նվազման:
Հարավկորեացի վերլուծաբանների հաշվարկների համաձայն, Սեուլի հովանու ներքո Կորեական թերակղզու վերամիավորվելը Հարավի վրա կնստի 1-ից մինչեւ 3 տրիլիոն դոլար գումար, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի կենսամակարդակի անկման: Միեւնույն ժամանակ հետազոտության հեղինակները նշում են նաեւ վերամիավորման մի շարք դրական կողմեր:
Մասնավորապես, Սեուլի համար այդպիսիք կարող են դառնալ լրացուցիչ միջոցների ազատվելը Հյուսիսային Կորեայի ապառազմականացումից, նոր շուկաների բացումը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի ոչ թանկ հողի եւ Էժան աշխատանքային ռեսուրսների հասանելիությունը: