Էրդողանի խորհրդականը սպառնացել է կտրել այն մարդկանց գլուխները, որոնք ցանկանում են Ստամբուլը՝ Կ. Պոլիս դարձնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) Twitter-ի այն գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը նորից վերածել Կ. Պոլսի։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

ANCA-ն իր էջում հրապարակել էր Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը, որում երևում էին Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Իսկ լուսանկարին կից արված էր գրառում, որտեղ ասված էր.

«Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։

Ի պատասխան այդ գրառմանը Թոփչուն Twitter-ի իր էջում գրել է.

«Հնարավոր չէ, որ դուք դա իրականացնեք։ Ասենք, թե  դա արեցիք, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ բացառվում է, որ դուք դա կարող եք տեսնել, որովհետև ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։

ANCA-ի հրապարակումը բավական մեծ արձագանք է գտել համացանցի թուրքական տիրույթում։ Թեմային արձագանքել էր նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանը, ասելով, որ. «Ստամբուլը հավերժ է լինեու»:

Հիշեցնենք, որ մի շարք թուրքական լրատվամիջոցներ ANCA-ի գրառման ոճն ու կառուցվածքը նմանեցրել էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն գրառման հետ, որը օգտագործվում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս