«Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը պատանդ են դարձել վարչապետի ձեռքին». Արմեն Աշոտյան
Իրականության մեջ ՀՀ կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի երկրի ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների հետ։ Կառավարությունը համարժեք չէ երկրի առջև ծառացած խնդիրների հետ։ Անհամարժեքությունը դրսևորվում է ոչ միայն գրեթե յուրաքանչյուր շաբաթ, այլև խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային միջավայրը Հայաստանի և Արցախի շուրջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։
Պատկերավոր նկարագրելու համար, հաշվի առնելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե սևազգեստների հարցը պետք է լուծել և նրանց ծաղկավոր «բաբոչկաներ» տալ ու ճանապարհել, Արմեն Աշոտյանը նկատեց. «Մեր սև հոգսերը և ձեր վարդագույն «բաբոչկաները»»։
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որը տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ։ Նա ուզում է ոչ թե ուժեղ, այլ տոտալ իշխանություն։ Պատահական չէ, որ Ազգային ժողովը գրավելուց և վարչապետ դառնալուց հետո, նա պարբերաբար գրոհումներ է ձեռնարկում, այսպես կոչված՝ դիմադրության օջախների վրա։ Շարքը կարող եմ շարունակել՝ սկսելով դատական իշխանությունից, հիշելով նաև ԵՊՀ-ն, Աբովյանը։ Նա չի հանդուրժում որևէ տեղ, միջավայր, որտեղ չունի բացարձակ իշխանություն։ Այս ամենի մասին մենք զգուշացրել էինք դեռ սկզբից»,- նշեց Ա. Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այսօր ամենալավ բանը, որը ստացվում է վարչապետ Փաշինյանի մոտ, հետևյալն է՝ Կառավարության նիստերի ժամանակ հանձնարարական տալ ուժայիններին, որպեսզի որևէ մեկին «ցբխեն», այլ բան Կառավարության մոտ չի ստացվում։
Ըստ նրա, թյուր կարծիք կա, որ վարչապետի ձեռքին կրակն են ընկել ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու այլ մարդիկ, որոնք նրա հետ համաձայն չեն։ Բայց տեսնելով, թե Կառավարության անդամներն ինչպես են փորձում դուրս գալ վարչապետի անզուսպ հայտարարությունների «տակից», օրինակ՝ Արցախի ու Հայաստանի դավաճանների հետ կապված, եկել է այն համոզման, որ Կառավարության ձեռքին կրակն են ընկել ոչ թե իրենք, այլ Կառավարության գիտակից անդամները։
«Օրինակ՝ ինձ համար, թոփ եռյակը, որոնք պատանդ են դարձել վարչապետի ձեռքին՝ Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը։ Այս մարդիկ ստիպված են ամեն անգամ սվաղելու ու լղոզելու Նիկոլ Փաշինյանի հերթական անհաջող հայտարարություները»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան