Brexit կուսակցությունից թեկնածուն չկարողացավ հաղթել Բրիտանիայի խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում
Բրիտանացի քաղաքական գործիչ Մայք Գրինը, որը ներկայացնում է Brexit կուսակցությունը, չի կարողացել հաղթանակ տանել Փիթերբորոյի ընտրատարածքից բրիտանական խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում: Ինչպես հունիսի 7-ին հայտնել է Reuters գործակալությունը, ձայների հաշվման արդյունքները վկայում են, որ, ընտրություններում Գրինը երկրորդ տեղն է զբաղեցրել եւ կորցրել Միացյալ Թագավորության բարձրագույն օրենսդրական մարմնում այդ կուսակցությունից առաջին թեկնածուն դառնալու հնարավորությունը։
Գործակալության տվյալներով՝ Գրինը հավաքել է ընտրողների 9801 ձայն այն դեպքում, երբ Լեյբորիստական կուսակցությունից նրա հիմնական մրցակից Լիզա Ֆորբսն ստացել է 10 հազար 484 ձայն: Պահպանողական կուսակցությունից թեկնածու Պոլ Բրիսթոուն զբաղեցրել է երրորդ տեղը, նրա օգտին քվեարկել է 7243 մարդ: 2019 թվականի սկզբին հիմնված Brexit կուսակցությունը, որը գլխավորում է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, Եվրախորհրդարանի՝ անցած ամսին Մեծ Բրիտանիայում կայացած ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 31,6 տոկոսը՝ ընդսմին ոչ մի մանդատ չունենալով բրիտանական խորհրդարանում:
Փիթերբորոյի ընտրատարածքում հունիսի 6-ին արտահերթ ընտրություններ են անցկացվել Ֆիոնա Օնասանյայի կողմից պատգամավորական մանդատի կորցնելու կապակցությամբ, որը եռամսյա բանտարկության է դատապարտվել դատարանում սուտ ցուցմունքներ տալու համար: Միացյալ Թագավորության համար այս աննախադեպ իրադրության պատճառ է դարձել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը, ինչը Օնասանյան եւ նրա եղբայրը, որոնց ծնողները Մեծ Բրիտանիա են ներգաղթել Նիգերիայից, փորձել են թաքցնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: