Բաժիններ՝

Վրաստանի վարչապետն արժանի է համարում, որ իր երկիրը դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ

ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, որն արժանի է դրան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Սան-Ֆրանցիսկոյում ելույթ ունենալով հասարակական համաժողովում:

«Մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը»,-վարչապետի խոսքը մեջբերել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նաեւ նշել է, թե հասկանում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը տեղի չի ունենա մեկ օրվա ընթացքում, այն կախված է աշխարհաքաղաքական համատեքստից: Վրացական կառավարության ղեկավարն ԱՄՆ-ում է գտնվում հունիսի 5-ից: ԱՄՆ-ը վարչապետի այցի գլխավոր նպատակն ամերիկյան խոշորագույն կորպորացիաների ղեկավարներին Վրաստանի ներդրումային կլիմային ծանոթացնելն է:

Նա Սան Ֆրանցիսկոյում արդեն հանդիպում է ունեցել ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ամերիկա-իսրայելական խոշոր ընկերության հիմնադիրներից մեկի հետ: Բախտաձեն ԱՄՆ-ում կգտնվի մինչեւ հունիսի 14-ը:

Այդ ընթացքում ծրագրված են նաեւ Վաշինգտոնում նրա պաշտոնական բանակցությունները ԱՄՆ-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ ԵՄ-ի հետ մերձենալ 1990-ական թվականներից: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հայտարարվել է, որ Վրաստանը եւ Ուկրաինան անպայմանորեն կդառնան դաշինքի անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս